ԿարևորՄշակույթ

«Եվրատեսիլում» «Դորիանսը» հանդես կգա «Lonely planet» երգով. ընտրությունը կատարվեց Հանրայինի եթերում

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

Այս տարի «Եվրատեսիլ» ամենամյա երաժշտական մրցույթը կանցկացվի Շվեդիայի Մալմո քաղաքում, որին կմասնակցեն 39 երկրների ներկայացուցիչներ: Մրցույթը կանցկացվի մայիսի 14-ին և 16-ին, եզրափակիչ փուլը՝ մայիսի 18-ին:
Հայաստանն անցյալ տարվա բացակայությունից հետո այս տարի ներկայացրել է մասնակցության հայտ։ Այս տարի մրցույթին չեն մասնակցի Բոսնիա և Հերցեգովինան, Պորտուգալիան,Սլովակիան և Թուրքիան։

Ինչ վերաբերում է մեր երկրին, ապա Հայաստանի Հանրային հեռուստաընկերության գեղարվեստական հանձնաժողովի ներքին ընտրությամբ 2013 թ. «Եվրատեսիլ» երգի մրցույթին Հայաստանը կներկայացնի «Դորիանս» խումբը 26-ամյա մենակատար Գոռ Սուջյանի գլխավորությամբ՝ «Lonely planet» երգով:
Հայաստանյան երգի ընտրությունը կատարվեց երեկ երեկոյան հանրայինի ուղիղ եթերում ազգային ընտրությամբ:
Այս անգամ, ի դեպ, քվեարկության ժամանակ երգերի հեղինակների անունները չհրապարակեցին՝ այդպիսով փորձելով ավելի արդար դարձնել երգի ընտրությունը, որպեսզի երգերի կոմպոզիտորների երկրպագուները չքվեարկեն մեխանիկորեն, այլ ընտրեն այն երգը, որը հավանում են ու կցանկանան, որ հաղթի:
«Եվրատեսիլ» նախագծի հայաստանյան պատասխանատու Գոհար Գասպարյանի տեղեկացմամբ՝ երգերի հայտերի ընդունումը ավարտվել էր դեռևս փետրվարի 20-ին: Հիշեցնենք, որ  հայտարարված երգի մրցույթին կարող էին  մասնակցել հեղինակներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից: Երգի տևողութոյւնը չպետք է գերազանցի 3 րոպեն:
Գոհար Գասպարյանի տեղեկացմամբ՝ ստացվել է 70-ից ավելի հայտ` Իսպանիայից, Բելգիայից, Ֆրանսիայից, այլ երկրներից եւս, բայց քանակը դեռեւս որակի նշան չէ:
Ի տարբերություն արտերկրից ստացված հայտերի` տեղացի երաժիշտների ներկայացրած գործերը որակապես ավելի լավն են: Նշեմ, որ Հանրայինի ուղիղ եթերում Գոռ Սուջյանի կատարած 4 երգերը պատկանում էին 4 տարբեր հեղինակների: Եվ ինչպես նշեց հաղորդավար Ավետ Բարսեղյանը, ընտրություն էր ոչ թե երգիչների, այլ երգերի միջև։
Այսպիսով՝ երեկ երեկոյան առաջին ալիքի ուղիղ եթերում «Եվրատեսիլ-2013»-ի երգի ընտրությունը, եւ հանդիսատեսի ու ժյուրիի  50/50  քվեարկության արդյունքում չորս երգերից ընտրվեց «Lonely Planet» երգը:
Այս երգը Հանրային հեռուստաընկերությունն ստացել է արտերկրից, երաժշտության հեղինակը  անգլիական հայտնի ռոք խումբ Black Sabbath-(սեբթ)ն է, իսկ խոսքերի հեղինակը Վարդան Զադոյանը, համահեղինակ է նաեւ «Դորիանսը»:
Ի դեպ՝ «Lonely Planet» երգը և Գոռ Սուջյանին շատ են հավանել նաև Մալթայի ներկայացուցիչ Ջանլուկա Բեզզինան  եւ Վրաստանի ներկայացուցիչ Սոֆո Գելովանին ու Նոդիկո Տատիշվիլին, ովքեր ևս ներկա էին երգի ընտրությանը Հանրայինի ուղիղ եթերում:

Ջանլուկա Բեզզինանն նշեց, որ իրեն ամենից շատ դուր եկան «Toy planet» եւ «Lonely planet»  երգերը,  եւ որքանն շատ էր լսում, այնքան ավելի շատ էր հավանում: Իսկ Վրաստանի ներկայացուցիչներն ասացին, որ հավանել են բոլոր չորս երգերն էլ, նրանք հաջողություն մաղթեցին Գոռ Սուջյանին՝ բարձր գհատելով նրա վոկալ տվյալները:
Ի դեպ՝ նշեմ, որ Շվեդիայի Մալմո քաղաքում անցկացվելիք Եվրատեսիլ 2013 մրցույթին Հայաստանը կներկայացնի ոչ թե Գոռ Սուջյանը, այլ արդեն «Դորիանս» խումբը: Ինչպես խոստովանեց խմբի մենակատարը` ինքն անձամբ բոլոր 4 երգերն էլ հավանել է, և ցանկացածի ընտրվելու դեպքում  էլ կուրախանար։
Նշենք, որ սա «Եվրատեսիլում» ներկայացվելիք երգի դեռևս նախնական տարբերակն է: Գոհար Գասպարյանի տեղեկացմամբ` մինչև մարտի 18-ն այն կբերվի վերջնական տեսքի ու նկարահանված կլինի նաև համապատասխան տեսահոլովակ:

Ցուցադրել ավելի
Back to top button