Հասարակություն

Քարդաշյան ընտանիքի կոչին արձագանքում են նաեւ այլազգիները

Լիլիթ Սեդրակյան

«Ռադիոլուր»- Լոս Անջելես

Քարդաշյանների ընտանիքը օգնության կոչով դիմել է աշխարհի հայերին. Նրանք խնդրում են օգնել արյան քաղցկեղով տառապող իրենց զարմուհուն` Սիսիին: Նա լեյկոզով տառապում է արդեն 17 տարի, այժմ հիվանդությունը վերադարձել է ամբողջ թափով, և Սիսիի օրգանիզմն արդեն չի ընդունում քիմիոթերապիան:
Ըստ մասնագետների՝ դա նշանակում է, որ Սիսին երկար սպասել չի կարող:
Քարդաշյանների ընտանիքը դիմել է Ոսկրածուծի դոնորների ազգային ռեեստրին` իրենց զարմուհու համար հայ դոնոր գտնելու խնդրանքով:

Ոսկրածուծի դոնորների ազգային ռեեստրի նախագահ Ֆրիդա Ջորդանը հայտնում է, որ Լոս Անջելեսում և Լաս Վեգասում դոնորագրման արշավ են սկսել: Շատերն են արձագանքում` ոչ միայն Քարդաշյանների ընտանիքին, այլև ցանկացած հայ հիվանդի օգնելու պատրաստակամությամբ:
Գիտակցելով, որ գենետիկական առանձնահատկության պատճառով միայն հայը կարող է հային օգնել, այնուամենայնիվ, Սիսիին օգնելու հայտարարության հետքերով դոնորարվելու են գալիս նաև օտարազգիները:

«Եկել եմ`  կյանք փրկելու հնարավորության ակնկալիքով: Կես կուբացի եմ, կես ամերիկացի, բայց հույս ունեմ, որ իմ տվյալները կհամապատասխանեն որևէ մի հիվանդի հետ, ով իմ օգնության կարիքը ունի»,- ասում է Ջոն Քոլոդիասը։

Երիտասարդ դոնորները նշում են, որ հաճախ իրենց շրջապատում մարդիկ խուսափում են ոսկրածուծի դոնոր դառնալ: Դա, նրանց համոզմամբ, չիմացության հետևանք է։

Ոսկրածուծի դոնորների ազգային ռեեստրի նախագահը հայտնեց, որ Քարդաշյանների ընտանիքին օգնելու կոչին արձագանքել են նաև Հայաստանում: Շուտով պարզ կդառնան դոնորագրման արշավի արդյունքները.

Դոնորագրման այս արշավի շնորհիվ կընդլայնվի հայ դոնորների բազան, որտեղ այժմ գրանցված է 22 հազար դոնոր: Դա իր հերթին կմեծացնի աշխարհի տարբեր երկրներում հայ դոնորի սպասող հազարավոր  հիվանդների փրկության հույսը:
Ռեեստրի պատասխանատուները ակնկալում են, որ Քարդաշյանների ընտանիքի հորդորը` հանուն Սիսիի, ԱՄՆ-ում և Հայաստանում անցկացվող ակցիան կվերածի համահայկական արշավի` հանուն բոլոր հայ հիվանդների փրկության: 

Ցուցադրել ավելի
Back to top button