ԿարևորՔաղաքական

Հանրային ռադիոն եւս ներկայացրել է տարբեր տեսակետներ և առավելապես հավասարակշռված լուսաբանում, ասում են ԵԱՀԿ դիտորդները

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդներն այսօր հրապարակել են հայաստանյան նախագահական ընտրությունների դիտարկման միջանկյալ զեկույցը՝ հիմնականում անդրադառնալով հետընտրական իրադարձություններին։

«Քվեարկությունից և նախնական արդյունքների հրապարակումից հետո պարոն Հովհաննիսյանը հայտարարեց, որ ինքը հաղթել է ընտրություններում: Փետրվարի 20-ից սկսած նա հանրահավաքներ կազմակերպեց Երևանում ու այցելեց մի շարք այլ քաղաքներ: Ոստիկանությունը հայտարարեց, որ այդ ակցիաներն ապօրինի են և կարող են հանգեցնել վարչական պատասխանատվության, սակայն նրանք չեն խանգարում: 

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) հայտարարեց, որ չեղյալ է հայտարարել ընտրություններում պարոն Սարգսյանի հաղթանակի առթիվ Ազատության հրապարակում փետրվարի 21-ի հանրահավաքը, որպեսզի խուսափի լարվածությունից և երկու թեկնածուների համախոհների միջև բախումից:

Փետրվարի 21-ին պարոն Հովհաննիսյանը հանդիպեց պարոն Սարգսյանի հետ: Փետրվարի 22-ի հանրահավաքի ժամանակ պարոն Հովհաննիսյանը հայտարարեց, որ ինքը դիմել է նախագահին, որպեսզի հետաքննվեն ընտրությունների հետ կապված բոլոր կեղծիքները և երկու առաջատար թեկնածուների միջև անկցավի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ: Բացի այդ, նա պահանջել է կառավարության հրաժարականն ու արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում, ինչը նախագահը մերժել է: Նախագահի աշխատակազմը ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ԸԴԱ-ին տեղեկացրեց, որ գործող նախագահը պարոն Հովհաննիսյանին վստահեցրել է, որ կեղծիքների համար բոլոր մեղավորները պատասխանատվության են ենթարկվելու:

Պարոն Հովհաննիսյանը փետրվարի 23-ից 26-ը շարունակեց իր ակցիաները վեց մարզերում և փետրվարի 24-ին Երևանում: Այն բանից հետո, երբ փետրվարի 25-ին ԿԸՀ-ն հրապարակեց վերջնական արդյունքները, պարոն Հովհաննիսյանը հայտարարեց, որ քննարկում է` արդյոք վիճարկի արդյունքները Սահմանադրական դատարանում և, որ շարունակելու է իր բողոքը մարզերում և Երևանում: Նա նաև հայտարարեց, որ մարտի 1-ին իր համախոհները կհամախմբվեն, որպեսզի հիշատակի տուրք մատուցեն 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին:

Ընդդիմադիր քաղաքական կուսակցություններից Հայ հեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ) սատարեց բողոքին, նման կերպ վարվեցին նաև մի շարք գործիչներ Հայ ազգային կոնգրեսից (ՀԱԿ)` ներառյալ նրա առաջնորդ և նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ինչպես նաև թեկնածուներ Բագրատյանն ու Ղուկասյանը: Շիրակի մարզպետը և ՀՀԿ-ից առաջադրված Արմավիրի քաղաքապետը, որտեղ պարոն Հովհաննիսյանը հաղթել էր ձայների մեծամասնությամբ, հրաժարականի դիմում ներկայացրեցին:

Փետրվարի 25-ին ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը» առաջարկեցին խորհրդարանի արտահերթ նիստ` կապված հետընտրական զարգացումների հետ: Առաջարկությունը աջակցություն գտավ ՀՀԿ-ի մոտ և քննարկումներ սկսվեցին խորհրդարանական խմբակցությունների միջև, սակայն դեռևս տեղի է ունենում հերթական նիստ»,- ասած է զեկույցում։
Անդրադառնալով լրատվամիջոցներին՝ զեկույցի հեղինակները նշել են, որ «հեռարձակող հիմնական ԶԼՄ-ները, այդ թվում հանրային Հ1 հեռուստաընկերությունը, հետընտրական իրադարձությունների լուսաբանման ընտրանքային մոտեցում են դրսևորել` ընտրությունների անցկացման վերաբերյալ քննադատական կարծիքների սահմանափակման նկատելի միտումով»:
Առաքելության կողմից դիտարկվող բոլոր լրատվամիջոցները, ըստ զեկույցի, կանոնավոր կերպով լուսաբանում են պարոն Հովհաննիսյանի հավաքներն ու հանրահավաքները, սակայն Հ1-ը, Շանթ ՀԸ-ն և Արմենիք ՀԸ-ն հաճախ ներկայացնում են միայն հանրահավաքների ընդհանրական, իսկ երբեմն էլ մակերեսային լուսաբանում, հաճախ կրկնելով, որ հանրահավաքները արտոնված չեն, ու եթեր հեռարձակելով այս առնչությամբ ոստիկանության հայտարարությունը: 
Զեկույցում նշվում է, որ Ընտրությունների դիտարկման միջազգային առաքելության` նախնական եզրակացությունների ու եզրահանգումների վերաբերյալ հեռուստաընկերությունների լուսաբանումը, այդ թվում հանրային Հ1-ի կողմից, հարցեր են առաջացնում. «Հեռուստաընկերությունների մեծ մասը (բացառությամբ Երկիր Մեդիա և Կենտրոն ՀԸ-ի) հիմնականում ներկայացրել են դրական շեշտադրումներ և հիմնականում չեն անդրադարձել զեկույցում նշված քննադատական նկատառումներին ու բացթողումներին: Մյուս կողմից մի շարք ցանցային ԶԼՄ-ներ, ինչպես նաև Ազատություն ռադիոկայանը և Հանրային ռադիոն ներկայացրել են տարբեր տեսակետներ և առավելապես հավասարակշռված լուսաբանում»:

Ցուցադրել ավելի
Back to top button