ԿարևորՀասարակություն

Փակ շուկան հայտնվել է այնպիսի վիճակում, որ քանդելն ավելի տեղին կլիներ

Նվարդ Դավթյան

«Ռադիոլուր»

Մտավորականության, հասարակական-քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչների նախաձեռնությամբ այսօր Ճարտարապետների միությունում կլոր սեղան է կազմակերպվել` «Փակ շուկայի» ապօրինի վերակառուցման ու ԱԳՆ շենքը աճուրդի հանելու դեմ:
Արդեն մեկ տարի Փակ շուկայի ապօրինի վերակառուցումը կասեցնելու  համար ընթացող պայքարն արդյունք չի տալիս, մտավորականների, հասարակական-քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչների նախաձեռնությամբ  ու մասնակցությամբ կայացած կլոր սեղանի ժամանակ ասաց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: Նրա  խոսքով` պարբերաբար լսել են վստահեցումներ, թե «դրա դեմը կառնվի», բայց շինարարությունը շարունակվում է:
Մկրտիչ Մինասյանը հիշեցրեց, որ  խնդրի վերաբերյալ  ստորագրահավաք են կազմակերպել,  նամակներով դիմել երկրի ղեկավարությանը`  նախագահին, վարչապետին, դատախազին ու քաղաքապետին, իսկ պատասխանը եղել է այն, որ շինարարությունը կանգնեցվել է,  կառուցապատողը` երկու անգամ տուգանվել:
Կառուցապատողը երրորդ անգամ է վերսկսել աշխատանքները,  որոնց արդյունքում, Ճարտարապետների միության  նախագահի դիտարկմամբ, շուկան հայտնվել է այնպիսի վիճակում, որ  քանդելն ավելի տեղին կլիներ։
Մկրտիչ Մինասյանի խոսքով` հայտնի չէ, թե ինչ նախագծով են կատարվում աշխատանքները, իսկ եթե կա էլ, արդյո՞ք համապատասխան փորձաքննություն անցել է, թե՞ ոչ:  

Փակ շուկայի հարցը դեռ չլուծված, չփակված, ավելացել է արտգործնախարարության շենքի խնդիրը: Քաղաքաշինության ոլորտոմ այսօր կարգապահության մասին խոսելը անիմաստ  համարեց ճարտարապետ Սաշուր Քալաշյանը:
«Տպավորություն է, որ ոլորտն ամբողջությամբ 4-5 հոգի վերցրել են իրենց ձեռքը, որոնց նույնիսկ պետական մարմիններն են անզոր դիմակայել»,- ասում է նա։

Դաշնակցական Լիլիթ Գալստյանը, որ այս խնդրով զբաղվել է դեռ պատգամավոր եղած ժամանակ, համաձայն չէ ճարտարապետի այն դիտարկմանը, թե օրենսդրական դաշտը թույլ չի տալիս պայքարել իրականության դեմ:  Միգուցե օրենսդրությունը բավարար զենքեր չունի, բայց եղածը բավարար է քաղաքական կամք դրսևորելու և, Գալստյանի ձևակերպմամբ, մշակութային սրբապղծությունը կանխելու համար:
Խոսքը հիմնավորելու համար նա հղումներ կատարեց  օրենքների համապատասխան հոդվածներին և հուշարձան հանդիսացող շենքերի վերակառուցման ընթացակարգին: 

Քննադատական ելույթներից հետո խոսեց նաև մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը, ասաց` միանում է բոլոր կարծիքներին, կիսում բոլորիդ անհանգստությունը, ապա տեղեկացրեց, որ նախարարությունում այժմ քննարկում են շուկայի վերակառուցման նախագիծը:

«Հաջորդ շաբաթ հավանաբար կլինի եզրակացությունը: Ըստ նախագծի՝ այն ինչ կառուցվել է, ոչ ամբողջովին, ապամոնտաժվելու է, պետք է ամրակայվեն, վերակառուցվեն շուկայի բոլոր ինը կամարները: Նախագծի հաստատումից հետո նոր կսկսեն աշխատել աշխատանքային նախագծի վրա»:
Լիլիթ Գալստյանը պահանջեց հանրային քննարկում անցկացնել, Հրանուշ Խառատյանը` դատի տալ քաղաքապետարանին` անգործության համար։
Նախարարության ներկայացուցիչը չհամաձայնեց ոչ մեկի, ոչ մյուսի հետ: Մասնագիտական քննարկումը պետք չէ հանրային քննարկման վերածել, Երևանի քաղաքապետարանն էլ անգործության մատնված չէ, ասաց:
Քննարկման մասնակիցները որոշեցին ևս մեկ նամակ ուղարկել նախագահին, առաջարկվեց նաև դիմել դատախազությանը։

Ցուցադրել ավելի
Back to top button