ԿարևորՔաղաքական

Րաֆֆի Հովհաննիսյան.«Պիտի բացառենք, որ երբևէ կրկին հայկական հողի վրա հայի արյուն թափվի»

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»

«Այսօր գարնանամուտ է: Ամեն գարնանամուտին սպարապետ Վազգեն Սարգսյանը գնում էր Աշտարակ քաղաքի միջնադարյան կամուրջ և դրա կամարների ներքո ազգին բարի գարուն մաղթում: Ժառանգությունը հենց սա է: Վերցնել մեր մեծերի ավանդները ու փոխանցել գալիք սերնդին. «Թող որ գարունն իսկապես բարի լինի»,-այսպես է այսօր Ազատության հրապարակում իր մարտիմեկյան ասուլիսը սկսել «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա թվարկել է Մարտի 1-ի 10 զոհերի անունները` նշելով. «Բոլորս այսուհետ պիտի պատասխանատվություն ստանձնենք, պիտի բացառենք, որ երբևէ կրկին հայկական հողի վրա հայի արյուն թափվի»:

Լռության ուխտ եւ ոգեկոչում բոլոր նրանց հիշատակին, ովքեր զոհ գնացին ազատության համար` այսպես ձեւակերպեց Րաֆֆի Հովհաննիսյանը` տեղեկացնելով, որ ասուլիսից հետո քայլելու են դեպի Մյասնիկյանի արձան և այնտեղ ծաղիկներ են զետեղելու` հարգանքի տուրք մատուցելով զոհերին:

«Լռության ուխտի ընթացքում ամեն մեկը թող մտածի-վերլուծի, սեփական սխալը գտնի, թե ինչպես եղավ, որ մեր հողում, մեր մայրաքաղաքում մեր սերունդը թույլ տվեց մարտի 1»:

Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ կիսում է զոհերի հարազատների ցավը, ասաց, որ մարտի մեկի կրկնություն այլեւս թույլ չի տալու, ապա հավելեց, որ ով կազմակերպեց այն նաեւ պիտի պատասխանատվություն կրի:

Մամուլի ասուլիսից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը՝  կողմնակիցների ուղեկցությամբ երթով ուղեւորվեց Մյասնիկյանի արձանի մոտ՝ հարգելու 2008թ. Մարտի 1-ի զոհերի հիշատակը:

Մինչ այդ` մամուլլի ասուլիսում պատասխանելով լրագրողների հարցերին` Ժառանգություն կուսակցության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածուն ասաց, որ փետրվարի 18-ին կայացած ընտրության արդյունքները ՍԴ-ում վիճարկելու հարցը որոշվելու է կիրակի օրը:

«Սահմանադրական դատարան չդիմելու կամ դիմելու որոշումը մենք խորհրդի կարգով կքննարկենք հայ ժողովրդի հետ եւ ես կիրակի օրը վերջնական որոշումը կկայացնեմ»:

Արձագանքելով Ազգային ժողովում ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ «Ժառանգության»  մասնակցությամբ ընթացող խորհրդակցություններին առնչվող հարցին` Րաֆֆի Հովհաննիսյանը նախ նշեց, որ  իրենց պայքարը ներառում է բոլոր հնարավոր սահմանադրական ճանապարհներն ու ատյանները, ապա հավելեց. «Շատ լավ է, որ խորհրդարանում գործընթացներ կան, բայց դրանք կապ չունեն իմ հետ: Ես պատրաստ եմ ողջունելու համագործակցությունը, եթե ինքը (Սերժ Սարգսյանը-խմբ.) համազգային այս հաղթանակը ճանաչելու առաջարկ ունի, պատրաստ եմ լսել, իսկ խորհրդարանի բանակցությունների հետ ես կապ չունեմ»:

Րաֆֆի Հովհաննիսյանը նաեւ հավելեց, որ այն խորհրդարանի իրենց ֆրակցիայի տիրույթում է եւ այդ գործընթացը կարող է գնալ, քանի որ ԱԺ-ն նույնպես պայքարի ամբիոն է:

«Մենք չենք հրաժարվելու պայքարից, որը թույլ կտա ճանաչել ժողովրդի իրավունքը: Պարոն Աբրահամյանը իմ զրուցակիցը չէ, թող իրենց քննարկումներն անեն խորհրդարանում, իմ զրուցակիցը պարոն Սարգսյանն է, եթե ինչ որ բան ունեն, թող ասեն»:

Րաֆֆի Հովհաննիսյանը մեկնաբանեց նաեւ այս օրերին ուսումնական հաստատությունների մոտ ընթացող բողոքի ակցիաները: Ասաց, որ ինքը միշտ դասը նախընտրում է դասադուլից, բայց ոչ մեկն իրավունք չունի ուսանողներին բան ասել, ձեռք բարձրացնել, պատժել:

Ցուցադրել ավելի
Back to top button