ԿարևորՔաղաքական

Ողջամիտ առաջարկների դեգերումներով, ԱԺ ճեպազրույցներում

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

ԱԺ խմբակցություններն այսօր քառօրյան ավանդաբար ամփոփել են խորհրդարանական ճեպազրույցներով: Դրանց ընթացքում, սակայն, քառօրյայում քննարկված օրինագծերից որևէ  մեկին անդրադարձ չի եղել:  Ճեպազրույցներին չեն մասնակցել «Բարգավաճ Հայաստանի» ու ՀԱԿ- ի ներկայացուցիչները: Իսկ մասնակիցները խոսել են հետընտրական զարգացումների, դրանց շուրջ խորհրդարանում ընթացող բանակցությունների,  նաև՝ 2008-ի մարտիմեկյան իրադարաձությունների   ու  դրանց հետևանքների մասին։

Մարտի մեկի մասին

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը կարծում է, որ քաղաքական տեսանկյունից  մարտի 1-ի էջը փակված է, իրավական տեսանկյունից՝ դեռ ոչ: Համաձայն չէ դիտարկմանը, թե տասը զոհերի մահվան հանգամանքներն ու մեղավորներին  չբացահայտելը  իշխանության թերացումն է.  « 90-ականներից մինչ այսօր բազմաթիվ դեպքեր ունենք, որոնք բացահայտված չեն»:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի համար 2008-ի մարտի 1-ի չբացահայտումը շարունակում է անհասկանալի մնալ: Իսկ քանի դեռ պատմության այդ էջը բացահայտված չէ, այն, ըստ Ռուստամյանի, հնարավոր չէ փակել:

«Խնդիրն այն է, որ կասկածանքը պահպանելով՝ մենք այդ էջը չենք կարող փակել: Այդ «բեռը» ծանրացած է մեր ժողովրդի, քաղաքական դաշտի և մեր երկրի վրա»:

Ես ոչ դատավոր եմ, ոչ էլ դատախազ, ասաց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը՝ պատասխանելով հարցին, թե ո՞ւմ է մեղավոր համարում մարտիմեկյան ողբերգության համար:
«Եղել են բախումներ, եղել են զոհեր։ Համապատասխան մարմինները զբաղվել են դրանով, համապատասխան մարդիկ դատապարտված են»:

Լրագրողները Բիշարյանին խնդրեցին մասնրամսանել, թե  ում նկատի ունի տիկին Բիշարյանը ՝ ասելով, որ մարտի մեկի համար դատապարտվածներ կան:  

«Դատապարտված են այնքանով, որքանով, որ մենք պատկերացում ունենք, թե ինչ է տեղի ունեցել։ Գուցե բառս ուղղակի հասկացվեց, եթե ուղղակի է հասկացվել, հետ եմ վերցնում։ Ավելին ասել չեմ կարող։ Բայց պետք է հետևողական լինել, որ դատապարտվողներ իսկապես լինեն»։

 

Ում առաջարկներն են ավելի ողջամիտ

Հետընտրական իրավիճակի  քննարկման խորհրդարանական ձևաչափ գտնելու հարցի շուրջ խմբակցությունները շարունակում են բանակցել: « Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ասում է, որ  իրենք սպասում են մեծամասնության արձագանքին: Հիշեցնեմ՝ «Ժառանգությունը»  խորհրդարանական մեծամասնությանը երեք առաջարկ էր ներկայացրել ՝ խորհրդարանական նոր ընտրությունների անցկացում, անցում 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի,  ընդդիմությանը վերահսկողական պաշտոնների տրամադրում:
«Մենք գրավոր ներկայացրել ենք մեր 3 առաջարկները։ Սպասում ենք իշխանության գրավոր արձագանքին կամ առաջարկություններին:Դրանից հետո պարզ կդառնա՝ կլինի՞ արտահերթ նիստ, թե՞ ոչ»:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը հստակ չպատասխանեց, թե ինչ առաջարկներ է իր կողմից մտադիր ներկայացնել մեծամասնությունը, բայց ասաց, որ քննարկումները շարունակում են։
«Բնականաբար անհեթեթ է, որ մենք այսօր նստենք ու բոլորի փոխարեն մտածենք խորհրդարանը ցրելու մասին: Մենք դեռևս քննարկում ենք օրակարգը և այն գործողությունները, որոնք կարող ենք համատեղել: Դեռևս ձևաչափը որոշված չէ»:  

ՀՀԿ խմբակցության ղեկավարը որևէ կոնկրետ առաջարկ չնշեց, որն ի պատասխան ընդդիմության առաջարկած կետերին կարող է  քննարկման առարակա դառնալ:
Բայց առաջարկների մասին ավելի վաղ խոսել էր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նա ասել էր, թե իշխանությունը պատրաստ է քննարկել ընդդիմության ողջամիտ առաջարկները,: Որպես օրինակ նշել էր կառավարությունում պաշտոններ ստանձնելու  հնարավորությունը:
Ռուբեն Հակոբյանն էլ իր հերթին ասում է, թե իրենք էլ իշխանության այդ առաջարկը ողջամիտ չեն համարում։
«
Մենք կարծում ենք, որ կաբինետում մի քանի պաշտոն ստանալու առաջարկներն ուղղակի անլուրջ են: Չկա գիտակցում, որ խոսքը համակարգային փոփոխությունների մասին է»:

 

Ավագանու ընտրություններին նախապատրաստվում են գրեթե բոլորը

Խորհրդարանական  ուժերը նախապատրաստվում են Երևանի ավագանու ընտրություններին: «Ժառանգության» ներկայացուցիչներն ասացին, որ  մասնակցությունը հաստատ է,   թեպետ  հարցը կուսակցությունում չեն քննարկել։ Դաշնակցությունը դեռ մասնակցության որոշում չի կայացրել. ժամկետները սուղ են, բայց օրակարգում ավելի լուրջ հարցեր են, ասաց Արմեն Ռուստամյանը՝ մեկ նկատառում այդուհանդերձ անելով:

«Ես ճիշտ եմ համարում համախմբված գնալ այդ ընտրություններին: Նախագահականի փորձը ցույց տվեց, որ ի վերջո միասնական ճակատով գնալը արդյունք տալիս է»:

Ավագանու ընտրությունների մասով ամենահստակը ՀՀԿ-ի կարգավիճակն է: Հանրապետականի պարագայում հայտնի է նույնիսկ,  թե ով է գլխավորելու համամասնական ցուցակը:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, անդրադառանալով ՀՀԿ խորհրդի և ՀՀԿ գործադիր մարմնի երեկ տեղի ունեցած նիստերին, վերահաստատեց, որ ՀՀԿ ցուցակը գլխավորելու է Տարոն Մարգարյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button