Քաղաքական

Կ, Ռուբինյան. Շարժման կառուցվածքային կառավարման ձևերի քննարկումները նոր են սկսվել

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը «Ռեգիոն» հետազոտական կենտրոնում այսօր կայացած համացանցային մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանել է հայ և ադրբեջանցի լրագրողների հարցերին:
Համեմատած նախորդ` 2008 թվականի նախագահական ընտրություններին՝  հայաստանյան ընդդիմադիր ուժերը ավելի փորձառու են, իսկ հասարակությունը` զարգացած, նկատել է նա: Ըստ Ռուբինյանի՝ ներկա հետընտրական իրավիճակը գրեթե նույնական է 5 տարվա վաղեմության պատկերին:

Քաղաքական գործչի կարծիքով՝ փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները կեղծված են: Ըստ նրա՝ ներքաղաքական ասպարեզում առկա է քաղաքական և հասարակական տարբեր ուժերի համախմբման գործընթաց:

Կարապետ Ռուբինյանը հայտնեց, որ աջակցում է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին ոչ միայն լավ անձնական հարաբերությունների բերումով:

Ըստ խորհրդարանի նախկին փոխխոսնակի՝ Րաֆֆի Հովհաննիսյանին հաջողվեց համախմբել իր շուրջ երկրի առաջադեմ ուժերին` շնորհիվ իր անբիծ անցյալի և անթերի ներկայի:
Կարապետ Ռուբինյանը խոստովանեց, որ սկսված «բարևափոխության» շարժման նպատակները և պայքարի ձևերը ամբողջությամբ ընդունելի են իր համար, և նա պատրաստ է գործադրել սեփական ուժերը հաջողության հասնելու համար:
Ըստ նրա՝ շարժման կառուցվածքային կառավարման ձևերի վերաբերյալ քննարկումները դեռ նոր են սկսվել:
Բանախոսը կարծում է, որ առաջնահերթ նշանակություն ունի շարժման կամակերպումը, իսկ ստվերային կառավարության թեկնածուների քննարկումը կարող է հանգեցնել անտեղի հավակնությունների և բարդությունների։
Պատասխանելով ադրբեջանցի լրագրողների հարցերին՝ Կարապետ Ռուբինյանը  համոզմունք հայտնեց, որ այս տարի չարժե ակնկալել առաջխաղացոմ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացում:
Ըստ նրա՝ Հայաստանում անցկացված և Ադրբեջանում անցկացվելիք նախագահական ընտրությունները չեն կարող բարենպաստ դեր խաղալ  կողմերի վճռական քայլերի համար: Ավելին՝ նողկալի մարդասպանի վերադարձը Ադրբեջան զգալի նպաստեց բանակցությունների սառեցմանը, ասաց նա։    

 

Ցուցադրել ավելի
Back to top button