Կացնահարված սպայի հարազատները դիմել են ՄԻԵԴ


Աննա Նազարյան
«Ռադիոլուր»
Բուդապեշտում սպանված հայ սպա Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդի և մահափորձի ենթարկված հայ սպա Հայկ Մուկուչյանի ներկայացուցիչները հունգարա-ադրբեջանական ոչ իրավաչափ գործողությունների դեմ անհատական գանգատ են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, այսօր տեղեկացրեց արդարադատության նախարարի տեղակալ Ռուբեն Մելիքյանը:
Քանի որ անհատական գանգատ արդեն ներկայացվել է, ՀՀ ն առայժմ որևէ քայլ չի անում, սակայն գործում կներգրավվի որպես երրորդ կողմ։
Գանգատը դեռ վարույթ չի ընդունվել և երկարատև գործընթաց է մինչև քննարկումներ սկսելը, ասաց Ռուբեն Մելիքյանը։
Արդարադատության նախարարի մյուս տեղակալը՝ Եղիշե Կիրակոսյանը, տեղեկացրեց, որ արդարադատության նախարարությունը մի շարք քայլեր արդեն արել է մարդասպան Սաֆարովին Ադրբեջան տեղափոխելու հունգարա-ադրբեջանական ստոր գործողության ոչ իրավաչափ գործողությունները ցույց տալու համար: Հարցը բարձրացվել է Եվրոպայի խորհրդի շրջանակներում Ստրասբուրգի կոնվենցիայի հիման վրա և որոշակի առաջընթաց ունեցել են։
Արդարադատության նախարարությունը պատրաստվում է դիմում ներկայացնել ՄԱԿ- ի ռասայական խտրականության վերացման կոմիտե` հայերի նկատմամբ խտրական վերաբերմունքի փաստերն ի ցույց դնելու նպատակով.
Նման դեպքի չեն առնչվել նաև ՄԱԿ-ում: Խայտառակ գործարքն աննախադեպ է և պետք է համարժեք արձագանք ու քայլեր սպասել ինչպես մարդու իրավունքների եվրոպական դատարանից, այնպես էլ ՄԱԿ-ից: