ԿարևորՔաղաքական

Լոյալ երկրների խորհրդարանները` «դիվանագիտական պատերազմների» թատերաբեմ

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

«Վատ նախադեպ է, երբ երկու երկրների հակամարտությունը երրորդ, չորրորդ, հինգերորդ երկրների խորհրդարաններում դառնում է քննարկումների առարկա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է սկսեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: Վերջին նմանատիպ դեպքը տեղի է ունեցել այս տարվա փետրվարին, երբ Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը փետրվարի 7-ի նիստում մի բանաձև էր ընդունել, որով դատապարտել էր 21 տարի առաջ Խոջալուում կատարված ողբերգական դեպքերը՝ մեղադրելով հայկական կողմին:

«Չնայած Հայաստանում թիվ մեկ թեման հետընտրական զարգացումներն են, բայց չպետք է մոռանանք նաև արտաքին քաղաքականության օրակարգում գտնվող կարևորագույն խնդիրները»,-լրագրողների հետ հանդիպումն այսօր այսպես սկսեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: Նրա դիտարկմամբ, Արդրբեջանը շարունակում է բանակցային գործընթացին զուգահեռ, իր դիվանագիտական ռեսուրսներն ամբողջական ծավալով ներդնել ու տարբեր երկրների խորհրդարանները դարձնել քննարկման ակտիվ հարթակ: Ադրբեջանի դիվանագիտական քայլերը որևէ մեկի համար գաղտնիք չեն, հայկական դիվանագիտական ուժերը ուղղված են դրանք կասեցնելուն, ավելին՝ հայկական դիվանագիտական միտքը փորձում է տարբեր երկրների խորհրդարանների անդամներին բացատրել, որ վատ նախադեպ է, երբ երկու երկրների հակամարտությունը դառնում է երրորդ, չորրորդ, հինգերորդ երկրների խորհրդարանների քննարկումների առարկա:

«Գործընկեր, բարեկամ, երբեմն նաև լոյալ երկրների խորհրդարանները հնարավորություն են ստեղծում և թույլ են տալիս , որպեսզի իրենց երկրների խորհրդարանները դառնան այսպես ասած «դիվանագիտական պատերազմների» թատերաբեմ, սա շատ վատ նախադեպ է,- ասում է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը.«Հատկապես որ այդ քննարկումները ցանկացած ձևաչափով բացասական են անդրադրառնալու իրավիճակի զարգացման վրա, բացասական են անդրադառնալու արդեն իսկ 20 տարիներ իրականացվող միջնորդական գործունեության համար, բացասական են անդրադառնալու երկու հասարակությունների միջև առկա լարվածությունը մեղմելու բոլոր ցանկություններին»:

Տեղեկացնենք որ, Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը փետրվարի 7-ի նիստում մի բանաձև էր ընդունել, որով դատապարտում էր 21 տարի առաջ Խոջալուում կատարված ողբերգական դեպքերը: Ընդգծենք, որ բանաձևի նախագիծը հանձնաժողովի օրակարգում չի եղել և քվեարկության է դրվել և ընդունվել շատ արագ: Արտակ Զաքարյանն իր գործընկերոջն արդեն նամակի տեսքով իր մտահոգությունները փոխանցել է, ավելին, ասում է, որ գործընթացը մի քանի օրում չի կազմակերպվել, նրանք տեղյակ են եղել, սակայն, որևէ բան չեն կարողացել ձեռնարկել.«Նախապես իմացել ենք, աշխատանքներ տարվել են, բայց այստեղ արդեն «խավիրային» դիվանագիտությունը դերակատարությունն ունեցել է»:

Զաքարյանը վստահեցրեց, որ հայկական դիվանագիտական կողմը նույնպես նմանատիպ հարցերում հաջողություններ է արձանագրում, սակայն, այդ մասին, նախընտրում է լռել: Մինչդեռ ադրբեջանցի դիվանագետները , Ալիևի կլանից վախենալով, փորձում են ցույց տալ, որ իրենք ինչ-որ գործ անում են՝չպատկերացնելով, որ դա ավելի շատ բացասական արդյունք է բերում Ադրբեջանի համար: Հայկական դիվանագիտական կողմի նպատակը մեկն է.«Անել այնպես, որ միջազգային հանրությունը աստիճանաբար պատրաստ լինի ԼՂ խնդրի նկատմամբ ցուցաբերել այն մոտեցումը, ինչը որ միջազգային նորմերի ու սկզբունքների շրջանակներում է, որ ինքնորոշման իրավունքը ներկայիս աշխարհում , ընդհանրապես կոնֆլիկտների համաշխարհային կարգավորման պատմության մեջ ունի ընդամնեը մեկ ելք՝ դա ինքորոժման իրավունքի միջազգային ճանաչումն է: Իսկ ԼՂ բնակչությունը դրա իրավունքն ամբողջությամբ ունի:

Ցուցադրել ավելի
Back to top button