ԿարևորՔաղաքական

Իշխանամետ եւ ընդդիմադիր պատգամավորների խորհրդակցություններն արդյունք չտվեցին

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Այսօր Ազգային ժողովը սկսեց իր աշխատանքը մեկ րոպե լռությամբ րագելով 1988-1990 թվականներին Սումգայիթում և Բաքվում տեղի ունեցած ցեղասպանության հայ անմեղ զոհերի հիշատակը: Այնուհետև խորհրդարանը անցավ օրենսդիր գործունեությանը: Մասնավորապես՝ պատգամավորները շարունակեցին կառավարության կողմից ներկայացրած  «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  նախագծի քննարկումը առաջին ընթերցմամբ:
10 տարի առաջ հաստատված «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքն, ըստ էության, չի կիրառվել` դրանում տեղ գտած մի շարք թերությունների պատճառով, ինչը հարվածել է և պետական բյուջեին:
Այսպես՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներով զինակոչից հրաժարված և ՀՀ դատարանների վճիռով դատապարտված մի քանի տասնյակ ՀՀ քաղաքացիներ արդարացվեցին և ստացան փոխհատուցումներ պետգանձարանից:
Ելնելով այս իրողությունից՝ կառավարությունը մշակել է համապատասխան փոփոխություններ, որոնք օրենսդրին ներկայացրեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:   

Ըստ նրա՝  հանրապետությունում գրանցված 65 կրոնական կազմակերպություններից միայն մեկի ներկայացուցիչներն են խուսափում զինվորական ծառայությունից: Խոսքը «Եհովայի վկաներ» կազմակերպության հետևորդների մասին է:

Փոփոխությունների համաձայն՝ այլընտրանքային զինվորական ծառայության կարող է անցնել այն քաղաքացին, որի կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում են զենք կրելը, պահելը, պահպանելը կամ օգտագործելը: Իսկ այլընտրանքային աշխատանքային ծառայության կարող է անցնել այն քաղաքացին, որի կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում է ընդհանրապես զինվորական ծառայության անցնելը:
Որոշակիորեն կրճատվում է ծառայության ժամկետները՝ այլընտրանքային զինվորական ծառայության ժամկետը կսահմանվի 30 ամիս, իսկ այլընտրանքային աշխատանքային ծառայության ժամկետը՝ 36 ամիս:
Ծառայության տեսակը պետք է որոշի հատուկ ստեղծվելիք հանրապետական հանձնաժողովը։
Ըստ օրինագծի՝ նախատեսվում է նաեւ դատվածություն չունեցող ճանաչել այն քաղաքացիներին, ովքեր կրոնական համոզմունքների կամ հայացքների պատճառով պարտադիր զինվորական ծառայությունից խուսափել են ՀՀ կողմից համապատասխան միջազգային պարտավորությունները ստանձնելու պահից մինչեւ «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ գործող օրենքի ընդունումը:
Բացի այդ՝ այն քաղաքացիները, ովքեր այս օրենքի օրինական ուժի մեջ մտնելու պահին դեռեւս շարունակում են պատիժ կրել, հնարավորություն կունենան անցնել այլընտրանքային ծառայության:
Այս դեպքում նրանց այլընտրանքային ծառայության ժամկետը նվազեցվելու է՝ ի հաշիվ քրեական պատիժ կրելու կամ քրեական հետապնդման ենթարկվելու արդյունքում անազատության մեջ գտնվելու ժամկետի: Այս պահին, ըստ նախարարի, խոսքը 80 անձանց մասին է։

Օրինագիծը արժանացավ բուռն քննարկմանը: Կարծիքներ հնչեցին, թե ներկայացված նախագիծը չի կարող լուծել ոլորտում առկա խնդիրները:

Ըստ ԲՀԿ  խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի՝ այս զգայուն օրինագիծը կարիք ունի  ուսումնասիրման: Պատգամավորը կոչ արեց ձեռնպահ մնալ հարցի քննարկման ընթացքում որպես մեկնակետ շարժվել եվրոպական դատարանի դիտարկումներից:
Ըստ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանի՝ օրինագծի դրույթները վերաբերվում են ոչ միայն զինծառայությունից խուսափող զինակոչիկներին, այլ նաև պետության և հասարակության շահերին:

Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը իր հերթին հիշեցրեց, որ գործող օրենքն անկատար է դեռևս մշակման պահից: Ըստ նրա՝ անհրաժեշտ է փոփոխել մոտեցումները, հակառակ դեպքում արդեն առկա վնասները կարող են ավելի խորանալ:

Օրինագծի քննարկումը կարևորեց և ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Ըստ նրա՝ ոչ ոք չի հերքում կրոնի և դավանանքի ազատության իրավունքը, սակայն ավելի կարևոր է ազգային անվտանգության ապահովումը: Այդ առումով օրինագիծը ունի թերի կողմեր:

Կառավարության կողմից ներկայացված այս փոփոխությունները կքվեարկվեն արդեն հաջորդ քառօրյայի ընթացքում:

Բացի խորհրդարանի դահլիճից որոշակի քննարկումներ` փակ ռեժիմով,  այսօր տեղի ունեցան և Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի աշխատասենյակում: Խորհրդակցությունը, որին մասնակցեցին «Ժառանգության», ՀՅԴ եւ ՀՀԿ ներկայացուցիչները,  արտահերթ նիստի օրակարգը հստակեցնելու նպատակով, ապարդյուն անցան։
Մասնավորապես՝ քննարկման առարկա են եղել մեկ տարվա ընթացքում Ազգային ժողովի նոր ընտրություններ անցկացնելու, երկու տարվա ընթացքում սահմանադրական բարեփոխումների իրականացնելու, խորհրդարանական կառավարման ձեւի անցնելու եւ ընդդիմությանը վերահսկողական գործառույթներ տրամադրելու հարցերը։  

Ցուցադրել ավելի
Back to top button