ԿարևորՀասարակություն

ԱԳ նախարարն հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին

Փետրվարի 27-ին Վիեննայում բացվել է ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի հինգերորդ գլոբալ ֆորումը, որտեղ ելույթով հանդես է եկել նաեւ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Ֆորումը նպատակն է համախմբել միջազգային հանրությանը ծայրահեղականության դեմ՝ միջմշակութային եւ միջկրոնական երկխոսության ու համագործակցության միջոցով։ Ֆորումի բացումը կատարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը։ Ֆորումի աշխատանքներին մասնակցում են 136 երկրների եւ միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պատվիրակություններ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ իր խոսքում  նախարար Նալբանդյանը նշել է, որ հանդուրժողականությունը, այլոց ազգային, մշակութային եւ կրոնական ժառանգության հանդեպ հարգանքը ներդաշնակ եւ խաղաղ համակեցության նախապայմաններից է։ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Հայաստանը միանում է ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքին բարի կամքով եւ վճռականությամբ` աշխատելու անդամ երկրների հետ բազմազանության եւ քաղաքակրթությունների ներդաշնակության դրական ուղերձը առաջ մղելու նպատակով։ Հայաստանի արտգործնախարարի օրակարգը հագեցած է եղել նաեւ երկկողմ հանդիպումներով։

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունին, ով խնդրել է իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքները փոխանցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ եւ հաջողություն մաղթեց նրա երկրորդ մանդատի ընթացքում։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ՄԱԿ-ի օրակարգային խնդիրների շուրջ։ Էդվարդ Նալբանդյանը վերահաստատել է, որ Հայաստանը կշարունակի իր ակտիվ ներգավվածությունը ՄԱԿ-ի եւ նրա կառույցների գործունեությանը: Բան Կի-Մունի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման նպատակով Հայաստանի եւ միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը։ Այդ ենթատեքստում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն իր աջակցությունն է հայտնել Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը:

Սիրիայում տեղի ունեցող զարգացումների քննարկման ենթատեքստում անդրադարձ է կատարվել խաղաղ բնակչության, այդ թվում սիրահայերի առջեւ ծառացած խնդիրներին: Վիեննայում Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ: ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը խնդրել է իր շնորհավորանքները փոխանցել ՀՀ Նախագահին վերընտրվելու կապակցությամբ՝ գոհունակությամբ նշելով, որ ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը դրական է գնահատել Հայաստանում անցկացված նախագահական ընտրությունները:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԵԱՀԿ օրակարգային հարցերի, կազմակերպության շրջանակներում իրականացվող աշխատանքներին Հայաստանի ակտիվ ներգրավվածության, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ: Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհիի հետ: Զրույցի ընթացքում քննարկում է տեղի ունեցել երկկողմ հարցերի,  տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի խնդիրների շուրջ:

Ցուցադրել ավելի
Back to top button