

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր հանդիպել է լրագրողների հետ ու խոսել հիմնականում փետրվարի 18-ին տեղի ունեցած ընտրությունների ու հետընտրական զարգացումների մասին:
ԱԺ նախագահը կարծում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ճիշտ կվարվեր, եթե շնորհավորեր Սերժ Սարգսյանին ու նրա հետ սեղանի շուրջ նստելով քննարկեր իրավիճակը, լուրջ ռեֆորմներ ու կադրային փոփոխություններ ոչ միայն առաջարակեր, այլ նաև հիմնավորեր ու պնդեր դրանք, առավել ևս, որ, ԱԺ նախագահի խոսքով, իշխանությունը պատրաստ է հաշվի նստել ընդդիմության ողջամիտ առաջարկների հետ:
ԱԺ նախագահն ընդգծում է ՝ միայն ողջամիտների:
«Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը գնում է ու ասում է` գնանք երկրորդ փուլ, կամ եթե ասում է լուծարենք խորհրդարանը, դա ողջամի՞տ առաջարկ է, ո՞նց է պատկերացնում, Սերժ Սարգսյանը պե՞տք է գնա այդ քայլին: Օրինակ՝ ողջամիտ կարող է համարվել առաջարկը, որ «Ժառանգության» որևէ անդամ կարող է կառավարել որևէ ոլորտ ու մաս կազմել կառավարությանը»:
Իսկ ընդհանրապես՝ ԱԺ նախագահը որևէ հիմք չի տեսնում կասկածի տակ դնելու փետրվարի 18-ի ընտրություևնների արդյուքները, ասում է՝ «Ժառանգությունն» ինքը իրավական որևէ հիմնավորում չի բերում։
ԱԺ խոսնակը շարունակում է մնալ այն կարծիքին, որ ստացած ձայների քանակը զարմացրել է հենց իրեն՝ Րաֆֆի Հովհաննիսյանին:
«Իրականության հետ պետք է հաշվի նստել: Եթե իրենք թույլ են տալիս իրենց համարել ընտրված նախագահ`ամեն ինչ ասում է: Դա ասում է իրենց զարմանքի մասին, իրենց քաղաքական ոչ ճիշտ պահվածքի մասին»:
Ճիշտ ճանապարհը, ըստ Աբրահամյանի, ոչ թե հանրահավաքները շարունակելն է, այլ բանակցությունների սեղանի շուրջ նստելն է: Լրագրողներիրց մեկի դիտարկմանը, թե Րաֆֆի Հովհաննիսյանը գնալով կոշտացնում է իր դիրքորոշումը, նախ ասյպես արձագանքեց՝ « Ում նկատւմամբ», ապա նկատեց, որ պայքարի կոշտացումը լավագույն շարունակությունը չէ:
Նրա խոսքով ՝ իշխանության, իրավապահների արձագքանը կլինի օրենքի սահմաններում, բայց Րաֆֆի Հովհաննիսյանից նույնպես կակնկալվի, որ նրա գործողություններն էլ տեղավորվեն օրենքի շրջանակներում։
Ընտրություններից հետո մարզպետներից ու համայնքապետերից մի քանի հրաժարականներին վերաբերող հարցին անդրադառանլով՝ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ աշխատանքը ընտրությունների արդյունքների հետ կապելը ճիշտ չի համարում, իսկ Շիրակի մարզպետի հրաժարականի դիմումը բարոյականության դաշտում է տեսնում:
Ինչ վերաբերում է կառավարությունում սպասվող փոփոխություններին, ապա խորհրդարանի նախագահը չհերքեց դրանց հնարավորությունը: Փոփոխություններ կլիեն, բայց դա չի նշանակում, թե վարչապետի փոփոխությունն էլ պարտադիր է, ասաց:
Բացի այդ, ըստ նրա, կառավարության փոփոխությունների մասին դեռ վաղ է խոսել, քանի որ առջևում Երևանի ավագանու ընտրություններն են:
ԱԺ նախագահն այսօրվա ասուլիսում հայտարարեց, որ իրեն կառավարությունը ղեկավարելու առաջարկ չի արվել: Նշեց, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպել է՝ քննարկելու Ազգային ժողովի աշխատանքների հետ կապված հարցեր:
Հետընտրական իրավիճակի վերաբերյալ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու շուրջ քննարկումները, ըստ Հովիկ Աբրահամյանի, շարունակվում են:
Նրա խոսքով ՝ ԱԺ խմբակցությունների ղեկավարները աշխատում են այն հայտարարության տեքստի վրա, որը պետք է քննարկման դրվի: Արտահերթը, ըստ Աբրահամյանի, կհրավիրվի այն ժամանակ, երբ ձեռք բերվի ընդհանուր համաձայնություն քննարկվելիք փաստաթղթի շուրջը։