Սերժ Սարգսյանը ծանոթ է Սերժ Թանգյանի երկրորդ նամակին


Հայաստանի նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը NEWS.am-ի խնդրանքով անդրադարձել է աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանգյանի` Սերժ Սարգսյանին ուղղված երկրորդ նամակին:
Հարցին, թե Սերժ Սարգսյանն արդյոք ծանոթացե՞լ է և պատասխանելո՞ւ է Թանգյանի երկրորդ նամակին, Արզումանյանը պատասխանել է.
«Այո՛, նախագահ Սերժ Սարգսյանը ծանոթացել է Սերժ Թանգյանի երկրորդ նամակին: Ինչպես արդեն իր պատասխանում նշել էր հանրապետության ղեկավարը, ինքը նույնակարծիք է պարոն Թանգյանի բարձրացրած հարցերի գերակշիռ մեծամասնության հետ, ինչի մասին բազում առիթներով հնարավորություն է ունեցել հրապարակավ արտահայտվելու: Նախագահը համարում է, որ նախընտրական շրջանում ասվել է ամեն ինչ կամ գրեթե ամեն ինչ ու հիմա արդեն գործելու ժամն է: Ու բոլոր հարցերի պատասխանները պետք է արդեն փոփոխվող իրականությունը տա:
Շնորհակալություն հայտնելով աշխարհահռչակ երգչին ու լավ հային իր ակտիվ կեցվածքի համար՝ նախագահը հույս է հայտնում, որ մոտ ապագայում հնարավորություն կլինի սիրված ռոք խմբի ամբողջական կազմի հայաստանյան մեծ համերգով միասին նոր փուլ սկսենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ նախատեսվող համազգային ծրագրում»:
Հիշեցնենք, որ աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանգյանը բաց նամակ էր հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, իսկ վերջինն էլ պատասխանել էր դրան (նամակները տեսնել այստեղ)։
Իսկ այսօր արդեն Սերժ Թանգյանը երկրորդ նամակն է ուղարկել Սերժ Սարգսյանին.
«Հարգելի Պարոն Նախագահ,
Ինձ համար մեծ պատիվ է այն, որ Դուք պատասխանեցիք իմ նամակին: Ճիշտն ասած, ես չէի սպասում, որ Դուք կպատասխանեք` նկատի ունենալով իմ կողմից արտահայտված խիստ քննադատությունը: Այն փաստը, որ Դուք պատասխանեցիք, շատ ոգևորող է:
Հարգելով Ձեզ, թույլ տվեք նկատել, որ Դուք հստակորեն չպատասխանեցիք իմ հարցերին և չանդրադարձաք իմ նախկին նամակում բարձրացրած խնդիրներին:
Կարծում եմ, որ Դուք մեծ աշխատանք եք կատարել Հայաստանի սահմանները ապահովելու գործում Ղարաբաղյան պատերազմից առաջացած չափազանց զգայուն և բարդ իրավիճակում: Եթե հիշում եք, ես գնահատել եմ Ձեր ջանքերն այդ հարցում մեր անձնական հանդիպման ժամանակ:
Այնուհանդերձ, անվտանգությունը հարկավոր չէ վերածել քավության նոխազի մեր հայրենիքում ուշադրությունը անհավասարությունից և անարդարությունից շեղելու նպատակով: ԱՄՆ-ի հանրապետականները այն արել են բազմաթիվ ընտրությունների ժամանակ և այժմ ոչ ոք այլևս դրան չի հավատում:
Ես նույնպես պատասխանատվություն եմ զգում ապագա սերունդներին թողնելիք ժառանգության համար: Այդ պատճառով եմ արտահայտվում և անտարբեր չեմ Հայաստանի (Թեղուտ) հանքարդյունաբերության և շրջապատի աղտոտվածության հարցերի նկատմամբ:
Քաղաքացիները Հայաստանում բողոքում են ընտրությունների արդյունքների և քաղաքականության մեջ առկա անարդարությունների դեմ: Խնդրում եմ, լսեք նրանց բողոքները: Լսեք դասադուլ հայտարարած ուսանողներին և մի թողեք ուսումնական հաստատություններին կամ ոստիկաններին լռեցնել նրանց ձայները ի վնաս ժողովրդավարության: Նրանք Հայաստանի ապագան են:
Կաշառակերություն, անարդարություն, արտագաղթ և կեղծված ընտրություններ: Սրանք այն արատներն են, որոնք դատարկել են մեր երկիրը իր քաղաքացիներից` ավելին, քան ականները և ռումբերը: Դուք ի՞նչ եք պատրաստվում անելու այն շտկելու համար: Պատրաստվո՞ւմ եք արդյոք համակարգը բարեփոխել:
Հարգելի Պարոն նախագահ, խնդրում եմ հաստատել օրենքի իշխանություն մեկընդմիշտ, որպեսզի մարդիկ իրենց հարգված զգան օրենքի և դատարանների կողմից:
Հայաստանի Սահմանադրությունը և օրենքները լավն են: Նրանց իրագործումն է պակասում: Մենք հոգնել ենք լսելով այն ներդնողների մասին, ովքեր հեռանում են Հայաստանից թալանված, հոգնել ենք լսել անձնական շահերի համար քաղաքական ճնշումների մասին, քաղաքական շահեր հետապնդելով լրատվական միջոցներին ենթարկեցնելու մասին, դատարաններում անարդարության մասին և այլն և այլն:
Շատերը կարծում են, թե քաղաքական մշակույթը փոխելու համար սերնդափոխություն է հարկավոր` կաշառակերությունից և բռնությունից ձերբազատվելու համար: Դուք կարող եք այն իրագործել հիմա:
Ձեր նամակում, Դուք ընդունեցիք, որ փոփոխություն հարկավոր է և, կարծեմ, առաջարկեցիք, որ մտադրված եք լուրջ քայլեր ձեռնարկել այդ հարցում, որպեսզի մենք ստիպված չլինենք ևս 20 տարի սպասել այդ ազատությանը հասնելու համար:
Դրա համար Ձեր ժողովուրդը հավերժ Ձեզ երախտապարտ կլինի, Սերժ:
Արդարադատ ազգը հզոր ազգ է, ազգ որը կարող է հպարտանալ ոչ միայն իր անցյալով, այլ նաև իր ներկայով:
Համաձայն եմ, որ բոլորս պետք է աշխատենք միասին Հայաստանի լավագույն ապագայի համար:
Շնորհակալ եմ հորս ուղղված ջերմ ցանկությունների համար: Ես նույնպես մաղթում եմ սեր և լավագույն մաղթանքներս Ձեր ընտանիքին և հուսով եմ ապագայում հանդիպել Ձեր թոռնիկ Սերժին: Խաղաղություն»: