Տնտեսական

Հայաստանում երաշտ չկա, ասում է Հրաչ Բերբերյանը

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

350 դրամ՝ մեկ լիտր դիզվառելիքի և 6000 դրամ՝ մեկ պարկ պարատանյութի համար. սա կառավարության աջակցությունն է  գյուղացիական տնտեսություններին: Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանն այսօր լրագրողներին խնդրել է տեղեկացնել գյուղացիներին , որ վերը նշված գներից և ոչ մի լումա ավել չվճարեն:
Հրաչ Բերբերյանը նաեւ վստահեցնում է, որ նախորդ  տարի էլիտար ցորեն տրամադրելու  և համապատասխան արդյունք չստանալու համար  պատկան մարմինները դեռ պատասխան են տալու, թե ինչպես , չի հստակեցնում, միայն հույս ունի, որ այս տարի նախորդի սխալները չեն կրկնվի։
«Մենք հետևողական ենք լինելու այդ գործում, որ մեղավորները պատժվեն, որովհետև շուրջ 168 ֆերմեր այսօր ծանր վիճակում են, և չեն կարողանում այդ գումարները վերադարձնել: Ասեմ, որ 168 բողոքող ֆերմերներն են, նրանք մի քանի անգամ ավելի շատ են: Այնպես որ, թող պետական չինովնիկը հասկանա, որ անպատժելիությունը այս երկրից վերացել է, բոլորը պետք է պատասխան տան իրենց արարքների համար: Լավ գործի համար պետք է պարգևատրվեն, իսկ վատ աշխատանքի համար պետք է պատժվեն»:
Ինչևէ՝ կառավարությունն այս տարի էլ կաջակցի հանրապետության հողօգտագործողներին:  2013 թ. գարնանացանի իրականացման գործում նրանք աջակցություն ցուցաբերելու և սերմացուի պահանջարկը մասամբ բավարարելու նպատակով ՀՀ կառավարությունը նախորդ շաբաթ որոշեց 2013 թ. գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման ծրագիրը, որի համաձայն արտերկրից և տեղական սերմնարտադրող կազմակերպություններից ձեռք կբերվի և գյուղացիական տնտեսություններին կտրամադրվի 850 տ գարնանացան գարու, 11 տ եգիպտացորենի, 37 տ առվույտի և 530 տ կորնգանի սերմացու։
Ագրարագյուղացիական միավորման նախագահը վստահեցրեց, որ այս տարի ձյան շերտը կրկնակի է, և որևէ մեկը չպետք է խոսի երաշտի մասին։
Նա  բացատրեց՝ երաշտ կարող է լինել անջրդի հողերում: Երաշտ ասելով հասկանում ենք, որ 40-45 օր տեղումները   բացակայեն : Հանրապետությունում անցյալ տարի չի եղել, որ 45 օր ընդհանարպես տեղումներ չլինեն:

Ցուցադրել ավելի
Back to top button