ԿարևորՔաղաքական

ԼՂՀ արտգործնախարարությունը համաշխարհային հանրությանը կոչ է արել կտրուկ դիրքորոշումն արտահայտել մարդկության դեմ հանցագործության նկատմամբ

ԼՂՀ արտգործնախարարությունը Սումգայիթյան ջարդերի 25-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել: Հայտարարությունում նշվում է, որ սումգայիթյան ջարդերի` միջազգային հանրության համարժեք քաղաքական և իրավաբանական գնահատականին չարժանանալը, կոտորածի մասին ճշմարտության չբարձրաձայնումը, դրա իրական պատճառների պարտակումը և իսկական կազմակերպիչների անպատժելիությունը ճանապարհ են բացելն Ադրբեջանի ամբողջ տարածքով մեկ էթնիկ զտումներ իրականացնելու համար, որոնք իրենց գագաթնակետին հասան 1990 թ. հունվարին Բաքվում հայերի արյունահեղ կոտորածի և բռնատեղահանման ժամանակ, իսկ հետագայում էլ հանգեցրին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի դեմ ուղղված լայնածավալ ռազմական ագրեսիայի:
«Այսօր Ադրբեջանում, չնայած միջազգային հանրության` իր բնակչությանը խաղաղության, այլ ոչ թե պատերազմի նախապատրաստելու կոչերին, քարոզվում են այլատյացություն, անհանդուրժողականություն և ռազմամոլություն: Ցանկացած ոք, ով հանդես է գալիս հայերի հետ ինչ-ինչ հարաբերություններ հաստատելու օգտին, ահաբեկվում է և դաժան հաշվեհարդարի ենթարկվում իշխանությունների կողմից: Միևնույն ժամանակ ադրբեջանցի սպան, ով Հունգարիայում ցմահ ազատազրկման է դատապարտվել իր հայ համակուրսեցուն սումգայիթյան ջարդարարների ձեռագրին համաձայն դաժանորեն սպանելու պատճառով, փառաբանվում է որպես ազգային հերոս և օրինակ երիտասարդ սերնդի համար:
ԼՂՀ արտգործնախարարությունը համաշխարհային հանրությանը կոչ է արել իր կտրուկ դիրքորոշումն արտահայտել մարդկության դեմ կատարված այդ հանցագործության նկատմամբ:
«Զանգվածային սպանությունների և ջարդերի հստակ ու միանշանակ գնահատականը, դրանց ետևում կանգնած ուժերի դատապարտումը թույլ կտան ոչ միայն կանխել նման հանցագործությունների կրկնությունը, այլ նաև կնպաստեն ադրբեջանական հասարակության բարոյական ապաքինմանը»:-ասվում է ԼՂՀ արտգործնախարարության հայտարարությունում:

Ցուցադրել ավելի
Back to top button