Ընտրական գործընթացները նաեւ ԱԺ- կառավարություն հարցուպատասխանում


Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
Կառավարություն- ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հետընտրական իրավիճակի վերաբերյալ տրամագծորեն տարբեր երկու հարց հնչեց:
ՀԱԿ-ից Նիկոլ Փաշինյանը փորձեց ճշտել կառավարության ղեկավարի վերաբերմունքը փաստի վերաբերյալ, որ մի շարք մարզպետեր, օրինակ՝ Գեղարքունիքի մարզինը, մարզպետարանների պաշտոնական կայքերում շնորհակալություն են հայտնել աշխատակցիներին` Սերժ Սարգսյանի օգտին լավ արդյունքներ ապահովելու համար:
Վարչապետը մատնանշած փաստից տեղյակ չէր, բայց շնորհակալ էր Փաշինյանին ընտրությունների ու օրինականության հետ առնչվող հարցերը ուշադրության կենտրում մշտապես պահելու համար:
«Շնորհակալություն եմ հայտնում ձեզ, որ ուշադրության կենտրոնում եք պահում ընտրությունների հետ կապված դեպքերը և արձանագրում, որ կան օրենքի խախտումներ: Մենք դա կքննարկենք»:
Վարչապետը նաև ավելացրեց, որ միաժամանակ պետք է նաև արձանագրվի, որ այս ընտրությունների ժամանակ մարզպետերն առավելագույնս աչալուրջ են եղել:
«Մ ենք խստագույնս հետևել են, որպեսզի վարչական միջամտություններ, վարչական լծակների կիրառում չլինի: Եվ արձանագրել ենք, որ ի տարբերություն նախորդ ընտրությունների, դրանք հասցված են մինիմումի: Բայց եթե նման դեպքեր եղել են, խոստանում եմ՝ կքննարկենք ըստ կոնկրետ դեպքերի և ձեզ տեղյակ կպահենք արդյունքների մասին»։
Տրամագծորեն հակառակ դիքերից էր ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հյակ Բաբուխանյանի հարցադրումը: Նրա մտահոգությունը, ինչպես ինքն ասաց, ազգային անվտանգությանն էր առնչվում: Ընտրություններից հետո երկրորդ տեղը գրաված թեկնածուն՝ Րաֆֆի Հովհաննիսյանը իշխանությունը բռնազավթելու մասին հակասահմանդրական կոչեր է անում, ասաց պատգամավորը:
Նրան, սակայն, ավելի շատ հետաքրքում էին այն աղբյուրները, որոնցից Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական հիմնադրամ մուտք են գործել ֆինանասկան միջոցներ։
Հակասահամանադրական կոչերի մասով ՀՀԿ խմբակցության պատգամավորի գնահատականի հետ համաձայն չէր անգամ կառավարության ներկայացուցիչը:
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նկատեց, որ Րաֆֆի Հովհաննսիյանի հայտարարությունները քաղաքական են:
«Թույլ տվեք չհամաձայնել, որ թեկնածուներից որեւէ մեկը հակասահմանադրական կոչ է հղել»,- ասաց Հրայր Թովմասյանը։
Ինչ վերաբերում է ֆինանսական մուտքերին, ապա արդարադատության նախարարը Հայկ Բաբուխանյանին հիշեցրեց, որ նախընտրական հիմնադրամների վերահսկողությունը ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության գործառույթն է։
Այս կառույցը ընդամենր մի քանի օր առաջ ներկայացրեց նախընտրական շրջանին վերաբերող իր եզրակացությունը:
Ըստ դրա ՝ հանրապետության նախագահի թեկնածուների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ բանկերի կողմից տրամադրված տեղեկանքների և թեկնածուների կողմից ներկայացված հայտարարագրերի, ինչպես նաև ծախսերը հիմնավորող կից փաստաթղթերի համադրման արդյունքում հանձնաժողովը ընտրական օրենսգրքով սահմանված քարոզչական ֆինանսավորման որևէ խախտում չի արձանագրել։