Քաղաքական

Առայժմ շարժվում ենք երկխոսության ուղղությամբ, ասում է Արմեն Մարտիրոսյանը

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»

Տեղի ունեցավ մի գործընթաց, որի արդյունքում բոլորը տեսան, որ Հայաստանի քաղաքացին ունի կամք ու ցանկություն` փոխելու իրերի վիճակը, որ ստեղծվել է անցած տարիների ընթացքում, այսօր ասել է «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը` լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ խոսելով ներքաղաքական զարգացումների մասին:
Ըստ նրա` գոյություն ունեցող խաղի կանոնները չեն ընդունվում քաղաքացիների կողմից եւ դա է վկայում այն ալիքը, որը սկսվեց փետրվարի 18-ին եւ, ըստ «Ժառանգության» ներկայացուցչի, աստիճանաբար ավելի մեծ թափ է ստանում։
Արմեն Մարտիրոսյանն ասաց, թե համոզված է, որ այդ պայքարը հաջողություն է ունենալու, թեպետ, նրա ձեւակերպմամբ, ոմանց պարզ չէ, կամ չեն ուզում տեսնել կամ հասկանալ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից տարվող պայքարի ընթացքը:
Ընդդիմադիր գործչի խոսքով` կարեւոր է, որ մարզերը նույնպես ակտիվացել են, ինչն անհրաժեշտ է համակարգային փոփոխությունների համար: 

«Ժառանգության» ներկայացուցիչը խոսեց նաեւ այս օրերին որոշ ուսանողների նախաձեռնած դասադուլերի մասին` ողջունելով դրանք եւ կարծիք հայտնելով, որ դրանք ամենեւին չեն կարող ազդել ուսանողների  առաջադիմության վրա:
Սա Արմեն Մարտիրոսյանն ասում է, որպես 88-ին դպրոցում, իսկ ավելի ուշ նաեւ բուհում դասադուլ կազմակերպելու ու մասնակցելու փորձ ունեցող։
Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի մարզային այցերին` Արմեն Մարտիրոսյանը դրանք բնութագրեց որպես «ողջունված այցեր», հավելեց, թե կոչ է անում, որ իշխանությունները լինեն օրենքի շրջանակներում եւ որեւէ կերպ չխոչընդոտեն քաղաքացիների բողոքի արտահայտման իրավունքը։
Ինչ վերաբերում է պայքարի մեթոդների մասին խոսակցություններին, Արմեն Մարտիրոսյանը շեշտեց, թե պայքարի մեթոդներն ու միջոցները բազմաթիվ են, սակայն իրենք առայժմ շարժվում են երկխոսության ուղղությամբ:
Սակայն, Մարտիրոսյանի ձեւակերպմամբ, երկխոսությունը միակ միջոցը չէ, իսկ հանրահավաքներն էլ նպաստելու են, որ իշխանություններն օր առաջ հասկանան եւ ընդունեն իրավիճակը:

Back to top button