ԿարևորՔաղաքական

ԱՄՆ պետք է վերանայի հարաբերությունն Ադրբեջանի հետ, ասում է կոնգրեսական Շիֆը

Լիլիթ Սեդրակյան

«Ռադիոլուր»- Լոս Անջելես

Աշխատանքային կարճատև այցով Լոս Անջելեսում էր կոնգրեսական Ադամ Շիֆը: Արցախի ազատագրական շարժման 25-ամյա տարեդարձի առիթով նա շնորհավորեց արցախցիներին: Նշեց, որ Կոնգրեսում առաջիկայում կշարունակի ջանքերը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը հումանիտար և քաղաքական աջակցության ուղղությամբ:

«Մի քանի տարի առաջ հնարավորություն ունեցա այցելել Արցախ: Շատ տպավորվեցի այդ աներևակայելի երկրի մեծ ձեռքբերումներով, և կածում եմ, արցախցիներն ունեն ինքնորոշման իրավունք, որը պետք է միջազգայնորեն ճանաչվի: Շատ զայրացնող է Ադրբեջանի պահվածքը. հրահրիչ գործողությունները սահմանին, հայ զինվորներին և խաղաղ բնակիչներին կրակելը, պաշտոնական Բաքվի ռազմատենչ հռետորաբանությունը և, վերջապես, վերջերս իրենց գրողներից մեկի նկատմամբ հալածանքը։ Ադրբեջանցի պառլամենտականը պարգև էր խոստանում մեկի ակաջի համար, ով համարձակվել էր գրել ճշմարտությունը: Այս ամենն անընդունելի են», ասաց կոնգրեսական Շիֆը:
Կոնգրեսականն իր անելիքների ցուցակում առաջիններից մեկը համարում է նաև մարդասպան Սաֆարովի հարցը և դրանից բխող` ԱՄՆ գործողություններին հասնելը: Մեկը, ով մասնակցում է ՆԱՏՕ-ի խաղարար ծրագրին և գլխատում քնած սպային, այժմ ազգի հերոս է, Ադրբեջանի քայլը պարզապես սարսափեցնող է, ասաց Ադամ Շիֆը:

«ԱՄՆ- ը, ինձ համար անհասկանալի պատճառներով, Ադրբեջանի համար շարունակում է ռազմական կրթության ֆինանսավորումը` պարզապես փող վատնելով: Եթե այդ երկրի Զինված ուժերի գերագույն հրամանատար Ալիևը հերոսացնում է խաղաղարար ծրագրի ընթացքում մարդ սպանած հանցագործին, ապա ռազմական կրթության ոլորտի ցանկացած աջակցություն այդ երկրին պարզապես փողի, ժամանակի և ջանքերի վատնում է, որ պետք է դադարեցվի: Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»:

«Ես պարզապես ցնցված եմ նրանից, ինչ Ալիևն անում է վերջերս»,- ասաց կոնգրեսական Շիֆը: Նշեց նաև, որ առաջիկայում նույն վարքագիծը շարունակելու դեպքում, ԱՄՆ լրջորեն պետք է վերանայի հարաբերությունն Ադրբեջանի հետ:

«Ես ամենևին լավատես չեմ, որ այդ ռեժիմի բնույթը երբևէ կփոխվի, և կարծում եմ, ԱՄՆ պետք է կրկնապատկի Ադրբեջանի վրա ազդելու ջանքերը: Այդ երկրի գործողություններն անընդունելի են և բոլոր միջազգային նորմերից դուրս: Անհրաժեշտ է փոփոխություն մտցնել Ադրբեջանի հետ մեր հարաբերություններում, եթե այդ ամենը շարունակվի ապագայում»,- ասաց կոնգրեսականը:

Ադամ Շիֆը հայտնեց, որ Կոնգրեսում շարունակում են աշխատել Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ։ Մշակում են նոր օրինագիծ և այն ներկայացնելու նոր մարտավարություն` ներկա ոչ այնքան նպաստավոր պայմաններում հաջողելու համար: Մեր պետության շահերի մեջ չի մտնում դառնալ Թուրքիայի ժխտողականության համախոհը, ասաց Ադամ Շիֆը:

Կոնգրեսականը Լոս Անջելեսում մասնակցեց ամերիկյան Export & Import բանկի ղեկավարի հետ Little Armenia թաղամասում կազմակերպված հանդիպմանը: Բանկը հայ համայնքի գործարարներին առաջարկեց ապավինել իր վարկերին` ամերիկյան ապրանքը Հայաստան կամ ցանկացած այլ երկիր արտահանելու համար:

Ցուցադրել ավելի
Back to top button