Հասարակություն

Սոցիալական բնակարաններ. որոնք են կառավարության քայլերը

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Երևանում այսօր մեկնարկել է «Սոցիալական և մատչելի բնակարաններ Հայաստանում. մարտահրավերներ և հնարավորություններ» կոնֆերանսը: Հայաստանի երիտասարդության խնդիրների ուսումնասիրությունը փաստում է, որ երիռասարդ ամուսնական զուհգերի առջեւ ծառացած ամենալուրջ խնդիրներից մեկը շարունակում է մնալ բնակարանի հարցը:
Վերջին տարիներին մարզերից շատ երիտասարդներ են բնակություն հաստատում մայրաքաղաքում, ընտանիք կազմում եւ այդպիսով համալրում այն զույգերի շարքերը, որոնք բնակարանի խնդիր ունեն:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր  ներկայացրեց սոցիալական բնակարանային ապահովության ուղղությամբ կառավարության քայլերը, որի համատեքստում հիշատակեց Մարալիկի սոցիալական բնակարանային ֆոնդը, որը հիմնականում տրամադրվել է մանկատան շրջանավարտներին:
Թեև սոցիալական բնակարանային ծրագիր իրականացվում է, սակայն, Արտեմ Ասատրյանի գնահատմամբ, բնակարանային պահանջարկը ավելի մեծ է:
Այս պահանջարկը լրացնելու նպատակով արդեն քանի տարի է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը ԵՊՀ շրջանավարտների միավորման նախաձեռնությամբ իրականացնում է սոցիալական բնակարանաշինական ծրագրեր:
Դրանց շրջանակներում նոր շենքեր են կառուցվում, որոնք հիփոթեքային վարկավորման շուկայականից մատչելի պայմաններով տրամադրվում են մասնագիտական տարբեր խմբերի: Նորակառույց շենքերում արդեն հաջողությամբ բնակարաններ են ստացել շուրջ հազար երիտասարդ համալսարանականներ, գիտնականներ։
Ներկայում ընթացքի մեջ է երիտասարդ լրագրողների, մանկավարժների, բժիշկների համար հինգշենքանի համալիրի կառուցումը: Մեկնարկել է նաեւ երիտասարդ մասնագետների համար շենքերի կառուցումը: Բոլոր այս ծրագրերը կյանքի են կոչվում հանրապետության նախագահի հովանու ներքո: 

Ցուցադրել ավելի
Back to top button