Սերժ Սարգսյանի պատասխանը Սերժ Թանգյանին


Սերժ Թանգյանի նամակը Սերժ Սարգսյանին
Հարգելի Պարոն Նախագահ, Շնորհավորում եմ Ձեր հաղթանակի առթիվ: Հաղթանակ նշանակում է ստանալ ձայների մեծամասնությունը, իհարկե ժողովրդավարության դեպքում: Հիմնվելով բազմաթիվ ՀԿ-ների արձանագրած կեղծարարությունների վրա, անկախ ԵԱՀԿ զեկույցի, գիտականորեն անհնար է թվում նույնիսկ Ձեր համար, պարոն Նախագահ, իմանալ թե արդյոք ստացել եք ձայների մեծամասնությունը թե ոչ: Բավականին ծիծաղելի է ստացվում այնպես չե? Որ Դուք, Հայաստանի Նախագահը ներքուստ լիովին համոզված չեք թե Դուք եք ժողովրդի ընտրած ղեկավարը թե ոչ: Անձնապես ես կվրդովվեի նման պարագայում: Եթե ես ուզենայի ղեկավարել իմ ժողովրդին, ես շատ կուզենայի որ նրանք ինքնուրույն կատարեին այդ ընտրությունը: Այլապես ես կտիրանայի Հայաստանին եվ կկոչեի ինձ Հայաստանի Գլխավոր Մարզպետ կամ Դիկտատոր դե յուրե կամ որեվէ այլ ինքնակոչ ածականներ ըստ իմ այդ որվա քմահաճուջքի: Միգուցե ձեր կուսակցությունը հսկողությունից դուրս է եկել եվ օլիգարխների խավիարը վերջացել է եվ նրանք ցանկանում են որ լավ ժամանակները չվերջանան: Ինչեվիցէ ժամանակն է փոփոխության: Ազնվորեն եք հաղթել թե ոչ, ինչ որ կերպով Դուք այժմ նորից Նախագահն եք: Դա ինչ ե նշանակում Ձեր համար? Այո, Արցախը կարեվոր է բոլորիս համար, եվ պետք է պայքարենք այնտեղ բնակվող մեր եղբայրների համար: Բայց ես նկատի ունեմ թե ինչպես եք պատրաստվում Հայերի շահերը պաշտպանել Հայաստանում եվ աշխարհում? ինչպես եք պատրաստվում երկիրը հանել այս տնտեսական, սոցիալական եվ քաղաքական ճգնաժամից? Օբաման թեկուզ հույս է խոստանում չնայած որ հիասթափեցրել է բոլորիս: Տարիներ առաջ, ես արշավանք սկսեցի խնդրելով նախագահ Օբամային հետևել իր խոստումին և ճանաչել Հայկական Ցեղասպանությունը: Դուք երդում եք ընդունել պահպանել Հայաստանի Սահմանադրությունը, պաշտպանել երկիրը արտաքին և ներքին թշնամուց;
Նրանք, ովքեր գողանում են ընտրությունները ժողովրդից համարվում են ներքին թշնամիներ և պետք է պատժվեն: Դա պետք է Ձեր պարտքը լինի այն իկատար ածել, եթե նույնիսկ որոնց համար այն կեղծավորություն թվա: Դուք նաև պետք է նկատի ունենաք խորհրդարանի լուծարումը եւ լինելով այն առաջին հայ ռեֆորմիստ Նախագահը որը անում է ամեն ինչ համոզվելու համար, որ ապագա ընտրություններն արդար եւ ներկայացուցչական լինեն: Սերժ, նրանք ովքեր ինձ գիտեն, գիտեն նաև որ ես անարդարություն հանդուրժել չեմ կարող: Որպես բազմաթիվ սփյուռքահայեր, ես միշտ վարանել եմ Ձեր իշխանությունը քննադատելուց ուղղակիորեն և հրապարակայնորեն: Բայց այն փաստը որ ժողովրդի անհամար բազմությունը տառապում է ձեր իշխանության տակ, կաշառակերության և անարդարության պատճառով, կշեռքի նժարները խախտում է մեզ բոլորիս համար: Դուք պետք է այս իմանաք: Հայաստանը անհապաղ կարիք ունի oրենքի իշխանության առավել քան որևէ բանի: Ոչ մեկը չի կարող լինել oրենքից բարձր: Դուք կարող եք այն իրագործել հիմա, անձնական oրինակով և նախագահական հրովարտակով: Միացրեք մեզ Սերժ: Ոգևորեք մեզ: Խնդրում եմ, ընդունեք այս կոչը:
Շնորհակալ եմ ժամանակ տրամադրելու համար Խաղաղություն, Սերժ Թանկեան
|
Սերժ Սարգսյանի պատասխան նամակը
Սիրելի՛ Սերժ, Իմ կրտսեր թոռնիկն էլ մեր անվանակիցն է: Նա դեռ շատ փոքր է ու դեռ չգիտի, թե ինչ հպարտ ազգի զավակ է ծնվել, դեռ չգիտի, որ փոքր, շատ խնդիրներով լի, բայց հաղթանակած ու առաջ նայող երկրի քաղաքացի է ծնվել: Նա դեռ շատ բան չգիտի: Սե՛րժ, ես ու դու, մենք բոլորս ենք նրան ու նրա սերնդակիցներին հաշիվ տալու՝ ինչ ենք արել, որ Սուրբ սարի ներքո նոր Հայրենիք փոխանցենք իրենց: Պատկերացնու՞մ ես այն հարցական արտահայտությամբ աչքերը, որոնց հաշվետվություն պիտի տանք: Ես ու դու, Սե՛րժ, մենք բոլորս: Այդ աչքերը դեռ փոքր են ու խաղացկոտ, բայց վաղը լուրջ ու քննող են լինելու: Ի՞նչ պիտի ասեմ նրան, Սե՛րժ, որ ես իմ ժողովրդին ապահով Հայաստան խոստացա, կազմակերպեցի մեր երկրի 21-ամյա պատմության լավագույն ընտրությունները (անշուշտ խնդիրներով հանդերձ, որոնք, սակայն, որևէ էական ազդեցություն չէին կարող ունենալ արդյունքների վրա) ու չկարողացա՞ համախմբել ողջ ժողովրդին ու ապագայի ճանապարհը ցույց տալ: Որ լուրջ վերաբերվեցի ու անգամ քննարկեցի պետության ու պետականության հետ աղերս չունեցող՝ օդից վերցրած «վերջնական ճշմարտություննե՞րը»: Դա ական է, Սե՛րժ, ական գալիք բազմաթիվ տասնամյակների համար, որ անխուսափելի կործանման կտանի: Մենք զարգացման ճանապարհի ականները մի կողմ նետելու պարտք ունենք: Անօրինական ճանապարհներով հնարավոր չէ օրինականության հաստատման օրակարգ ամրագրել: Այդ օրակարգի վերջն էլ շատ արագ կգա նույն անօրինական ճանապարհով: Փոքրիկ Սերժը քո արվեստի սիրահար կլինի կարծում եմ, ի՞նչ ենք նրան պատասխանելու, երբ մեզ հարցնի. «Արդյո՞ք տեղահանված ականների փիլիսոփայությունը բոլոր տներն ու գյուղերը ռմբակոծելն էր»: Սա պետություն է, Սե՛րժ: Սրա մասին մենք շատ երկար ենք երազել: Իմ ու քո, մեր բոլորի պետությունն է: Փոքրիկ Սերժինն ու Հովհաննիսյանների ընտանիքի հրաշալի զավակներինն է: Մեր բոլոր զավակներինն ու թոռներինն է: Մենք ունենք դրախտավայր-Հայրենիք ու պարտավոր ենք ամուր պետություն կառուցել: Միասի՛ն, Սե՛րժ: Այսօրվա ականները վաղը մեր զավակների գլխին փոթորիկ կբերեն, կդառնան Bellum omnium contra omnes կամ «բոլորի պատերազմը բոլորի դեմ»: Ու արդեն հասունացած փոքրիկը կհարցնի. Եվ «ո՞ւր ես առաջարկում գնալ, երբ ռումբերը թափվեն», Սե՛րժ: Ի՞նչ ենք պատասխանելու նրան: Որ տարիներ առաջ ռոմանտի՞կ էինք կամ չէի՞նք հասկանում. սա՞ է մեր պատասխանը: Չի՛ հավատա մեզ, Սե՛րժ, կկարդա այս նամակը ու հաստատ կասի. «Դու առաջ նայելով տեսնում էիր այդ ամենը, ինչո՞ւ այնտեղ գնացիր»: Դա չէ մեր ճանապարհը: Ճանապարհի հարցում ես ու դու համախոհներ ենք: Այո՛, ժամանակն է փոփոխության: Ու ոչ ոք չի կարող օրենքից բարձր լինել: Կեղծիքն ու երեսպաշտությունը, զոռբայությունն ու թշնամանքը քանդելու ենք հատիկ առ հատիկ ու հետևողականորեն, որ բացճակատ գոռանք՝ «ազատություն, մենք ազատ ենք»: Որ հպարտորեն կոչ անենք բոլորին՝ եկե՛ք «հետ, դեպի գետը Արազ…»: Որ փոքրիկ Սերժի ու իր սերնդակիցների աչքերին նայելու ու պատասխաններ տալու տեղ ունենանք, Սե՛րժ: Դրա համար ես քո օգնության կարիքն ունեմ, բոլորի օգնության կարիքն ունեմ՝ Գլենդելից մինչև Ստեփանակերտ, Մելբուռնից մինչև Մոսկվա: Ես հավատում եմ մեր հավաքական հաղթանակին: Ու վերջում անդրադառնամ քո հարցին: Դու հարցնում ես՝ ներքուստ համոզվա՞ծ եմ ես: Պատասխանում եմ՝ միշտ եմ համոզված եղել. ամեն ինչում, ինչ արել եմ՝ մարտ կառավարելուց մինչև ընտրությունների կազմակերպում: Հայաստանը պետք է զգալ, Սե՛րժ, այն անհնարին է զգալ միայն Երևանի կենտրոնի թանկարժեք գրասենյակում նստած, անգամ շատ երկար: Հայաստանը կարելի է զգալ դարերի իր երթը շարունակելու համար կռիվ տվող փոքրիկ գյուղի քարքարոտ հողին կանգնած և տղաների շիրիմների ծաղկաթփերի կանաչից: Հայաստանը խոսել է արդեն, Սե՛րժ: Վստա՛հ եղիր: Այսքանը: Փոխանցիր խնդրում եմ հարգանքներիս հավաստիքը հայրիկին, ու թող գարնան արագիլի ձեր հպարտ ուղերձը կանգնեցնի մեզ սխալ ճանապարհ ընտրելիս: Խաղաղություն:
|