Մանրամասներ Խոջալուի իրադարձությունների շուրջ Անկարայում տեղի ունեցած բախումները մասին


Նվարդ Դավթյան
«Ռադիոլուր»
Խոջալուն որպես հակահայկական քարոզչության թեմա Ադրբեջանն ակտիվորեն օգտագործում է ոչ միայն բուն Ադրբեջանում, այլև շահարկում աշխարհի շատ այլ երկրներում։ Վերջին տարիներին հատկապես պաշտոնական Բաքուն փետրվարյան այս օրերին տասնյակ երկրներում, այդ թվում` Թուրքիայում իր դեսպանատների, տարբեր կազմակերպությունների, անգամ` տվյալ երկրներում սովորող ուսանողների ջանքերով կազմակերպում է լայնածավալ միջոցառումներ, որոնց նպատակն է Խոջալուի ողբերգությունը ներկայացնել իբրեւ հայերի կողմից ադրբեջանցիների նկատմամբ իրականացված «ցեղասպանություն»։Թուրքիայում այս տարի անցկացված ցույցերը նախորդներից մեկ տարբերություն են ունեցե. գոնե այս տարի հակահայկական պաստառներ չեն պարզվել, ասում է Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» օրաթերթի խմբագիրներից Սևան Դեյրմենջյանը:
Առայժմ նորություն չկա Թուրքիայի մայրաքաղաքում Խոջալուի իրադարձություններին նվիրված ցուցահանդեսի ժամանակ տեղի ունեցած միջադեպի հետ կապված: Հիշեցնենք` կիրակի օրը մի խումբ երիտասարդներ հարձակում էին գործել 1992 թվականին Խոջալուում տեղի ունեցած իրադարձությունների ադրբեջանական մեկնաբանությունը ներկայացնող վահանակների վրա, որոնք տեղադրել էր «Հեքբերյու» ընկերությունը` կենտրոնական հրապարակում։
Սևան Դեյրմենջյանի խոսքով` սա ազգայնական մի խմբավորում է, Թուրքիայում գրեթե անհայտ: Մինչ այս հանդես չի եկել նախաձեռնություններով:
Հիշյալ ընկերության անդամների եւ հարձակվողների միջեւ նաև ծեծկռտուք էր սկսվել, որի հետեւանքով «Հեքբերյուի» 7 ներկայացուցիչ մարմնական վնասվածք էր ստացել։ Դեպի առթիվ լրատվությունը քիչ է ու հակիրճ, ասում է զրուցակիցս:
Թուրքիայում Ադրբեջանի դեսպանությունում նույնպես ենթադրում են, թե տեղի ունեցածի հետևում կարող է կանգնած լինել Քրդական բանվորական կուսակցության եւ Թուրքիայի կոմկուսին մոտ կանգնած արմատական երիտասարդությունը։ Անկարայի ոստիկանությունը քննություն է իրականացնում միջադեպի կապակցությամբ։