ԿարևորՔաղաքական

Հայաստանի և Ավստրիայի արտգործնախարարների հանդիպումը Վիեննայում

Փետրվարի 25-ին մեկնարկեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այցելությունը Վիեննա։

Նույն օրը կայացան Էդվարդ Նալբանդյանի բանակցությունները Ավստրիայի փոխվարչապետ, եվրոպական եւ միջազգային հարցերի նախարար Միխայել Շպինդելեգերի հետ:

Հանդիպումը սկսվեց առանձնազրույցով, ապա բանակցությունները շարունակվեցին պատվիրակությունների մասնակցությամբ:

Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին` Ավստրիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ վերջին տարիներին համատեղ ջանքերով երկկողմ հարաբերությունները լուրջ զարգացում են ապրել, ինչը նշանավորվեց Ավստրիայի նыախագահ Հայնց Ֆիշերի պաշտոնական այցելությամբ Հայաստան։

Շնորհակալություն հայտնելով իր ավստրիացի գործընկերոջը Վիեննա այցելելու հրավերի համար` Էդվարդ Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ վերջին տարիներին բազմաթիվ հանդիպումներ են կայացել արտգործնախարարների մակարդակով, խորհրդատվությունները երկու երկրների ԱԳՆ-ների միջև պարբերական բնույթ են կրել, ընդլայնվել է իրավապայմանագրային դաշտը։

Հայաստանի և Ավստրիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները անդրադարձան Ավստրիայի նախագահի Հայաստան այցելության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, Նախագահ Սերժ Սարգսյանի Ավստրիա կատարելիք այցելության նախապատրաստական աշխատանքներին։

Նախարարներ Նալբանդյանն ու Շպինդելեգերը բովանդակալից զրույց ունեցան տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության ընդլայնման ուղիների, եվրոպական կառույցների եւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության սերտացման, միջխորհրդարանական կապերի ակտիվացման  վերաբերյալ, մտքեր փոխանակեցին միջազգային օրակարգի եւ տարածաշրջանային խնդիրների շուրջ:

Բանակցությունների ընթացքում քննարկվեցին նաեւ Հայաստան — Եվրոպական Միություն համագործակցությունը, Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում ընթացող գործընթացները։

Ավստրիական կողմի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի  կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը։

Երեկոյան Էդվարդ Նալբանդյանը «Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները» խորագրով ելույթ ունեցավ միջազգային հարաբերությունների բնագավառում Եվրոպայի ամենահին կրթօջախներից մեկը հանդիսացող Վիեննայի դիվանագիտական ակադեմիայում, որին ներկա էին Վիեննայում հավատարմագրված դեսպաններ և դիվանագետներ, միջազգային կազմակերպությունների և ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, առաջատար քաղաքագետներ և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ։  Հայաստանի արտգործնախարարը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին։

Ելույթից առաջ տեղի ունեցավ Էդվարդ Նալբանդյանի եւ Վիեննայի դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր Հանս Վինկելի առանձնազրույցը, որի ընթացքում քննարկվեցին Ավստրիայի դիվանագիտական  կրթօջախի և ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։

Ցուցադրել ավելի
Back to top button