ԿարևորՔաղաքական

ԿԸՀ- ն ամփոփեց նախագահական ընտրությունների արդյունքները

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»

ԿԸՀ- ն այսօրվա նիստում երեք հարց էր: Մինչ քվեարկության արդյունքների արձանագրության կազմումն ու քվեարկության վերջնական արդյունքների ամփոփումը` ԿԸՀ-ն քննարկեց նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցչի բերած դիմումը: Հանձնաժողովը նախ հստակեցրեց, թե ով կարող է նման դիմում ներկայացնել թեկնածուի անունից:

Ընթացակարգը կողմերի համար հստակեցնելուց հետո` հնարավորություն տրվեց, որ ԿԸՀ-ում Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումը ներկայացնի Արմեն Մարտիրոսյանը, իսկ թեկնածուի շտաբի ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանը, ինչպես ինքը ձեւակերպեց,  ապահովեց իրավական աջակցությունը:
Ներկայացված դիմումով, ըստ էության, շեշտվում էր, որ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի  շտաբների եւ դրանց վրա փակցված, ըստ դիմող կողմի, քարոզչական բնույթ ունեցող պաստառների համար կատարված ծախսերը ներառված չեն օրենքով նախատեսված հայտարարագրում, հակառակ դեպքում, ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչների, դրանք 10 տոկոսով կգերազանցեն նախընտրական հիմնադրամից օրենքով այդ նպատակով նախատեսված ծախսերի շեմը, ինչը հիմք կհանդիսանա, որ դատարանն անվավեր ճանաչի թեկնածուի գրանցումը:
Դիմումը մանրամասն ներկայացնելուց եւ նիստում քննարկելուց հետո ԿԸՀ-ն 30 րոպե ընդմիջում հայտարարեց: Ընդմիջումից հետո արդեն հանձնաժողովը ներկայացրեց դիմումի քննարկման արդյունքում ձեւավորած որոշումը, այն է՝ նման ծախսերը կարող է եւ նախընտրական հիմնադրամից չարվեն։
Հետեւաբար` Րաֆֆի Հովհաննիսյանի անունից ԿԸՀ ներկայացված դիմումը հանձնաժողովը մերժեց: Տիգրան Մուկուչյանը նշեց նաեւ, որ այն ենթակա է բողոքարկման 3 օրվա ընթացքում:
Այնուհետեւ ԿԸՀ-ն անցավ օրակարգային մյուս երկու հարցերի քննարկմանը: Ընտրությունների ամփոփիչ արձանագրության նախագիծը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Հանձնաժողովի նախագահի փոխանցմամբ` ընտրողների ընդհանուր թիվը եղել է 2 մլն 527 հազար 822, գրանցված եւ քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվը, ըստ ստորագրությունների` 1 մլն 521 հազար 261, ՏԸՀ-երին հատկացված քվեաթերթիկների թիվը 2 մլն 579 հազար, ՏԸՀ-ներում մարված քվեաթերթիկների ընդհանուր թիվը 1 մլն 57 հազար 779, Անվավեր քվեաթերթիկների թիվը 50 հազար 776: Քվեատուփում առկա սահմանված նմուշի քվեարկության ծրարների թիվը եղել է 1 մլն 519 հազար 651, անճշտությունների գումարային չափը եղել է 702:

Փաստաթղթի գլխավոր արձանագրումը. 861 հազար 373 ձայն կամ ընտրողների 58,64 տոկոս`  Սերժ  Սարգսյանի օգտին:

Փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները վավերացնող ԿԸՀ որոշման նախագծին կողմ քվեարկեցին հանձնաժողովի բոլոր անդամները:
Նշենք, որ մինչ ԿԸՀ-ն ներկայացնում էր փետրվարի 18-ի ընտրությունների վերջնական արդյունքները` հանձնաժողովի շենքի մոտ բողոքի ակցիա էին նախաձեռնել մի խումբ ուսանողներ:

 

 

 

 

Ցուցադրել ավելի
Back to top button