Ի՞նչ սպասել Իրան- «Վեցյակ» սկսվող բանակցություններից


Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
Փետրվարի 26-ին Ալմաթիում տեղի կունենա Իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հերթական փուլը: Բանակցող կողմերը` Իրանն ու միջնորդ վեց երկրներն են` ԱՄՆ, Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան: Մինչ այժմ այս բանակցությունների ընթացքում որևէ առաջընթաց չի արձանագրվել։
Իրանի միջուկակյին տերություն դառնալու հեռանկարները մի կողմից ոգեշնչում են այս երկրի հասարակությանը, մյուս կողմից բավականին անհանգստացնում են միջնորդ «վեցյակին»: Արդյո՞ք հնարավոր է ակնակալել որևէ առաջխացում Ալմաթիում անցկացվելիք բանակցությունների հերթական փուլի ընթացքում:
Մոսկվա–Երևան-Աստանա այսօր կայացած տեսակամրջին մասնակից Ռուսասատանի, Հայաստանի և Ղազախստանի փորձագետների սպասելիքները բավականին հոռետեսական էին: Նրանք միասնական էին` բանակցությունների այս փուլը, նախորդների պես, անարդյունավետ կանցնի:
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պրոֆեսոր Վլադիմիր Սաժինն իր հոռետեսությունը հիմնավորում է բանակցող կողմերի մոտեցումների զգալի տարբերությամբ: Ըստ նրա՝ «վեցյակը» պահանջում է Իրանից դադարեցնել ուրանի հարստացման աշխատանքները, ինչը անընդունելի է Թեհրանի համար, որն իր հերթին արդեն իրականացնում է համապատասխան տեխնիկական միջոցների արդիականացումը:
Բացի դրանից՝ հունիսի 14-ին Իրանում կանցկացվեն նախագահական ընտրություններ, որոնց արդյունքում այդ երկիրը արդեն կունենա նոր նախագահ, քանի որ գործող նախագահ Մահմուդ Ահմադինեջադը իրավունք չունի պաշտոնավարել անընդմեջ երկու ժամկետից ավել:
Ըստ ռուսաստանցի փորձագետի՝ սպասվելիք ընտրություններին ընդառաջ չարժե Թեհրանից ակնկալել որևէ կտրուկ քայլ:
Իր հերթին Կասպիական համագործակցության ինստիտուտի տնօրեն Սերգեյ Միխեևը նկատեց, որ ստեղծված իրավիճակի հիմքում բանակցող կողմերի միջև վստահության բացակայությունն է:
Ըստ ռուսաստանցի փորձագետի՝ տիրող համընդհանուր անվստահությունը խոչընդոտում է կողմերին հասնել որևէ փոխզիջումային լուծման: Իրանի միջուկային հավակնությունները մտահոգիչ են հատկապես Արևմուտքի համար, որի համար որոշակիորեն անընդունելի է Իրանում իշխող շիա մահմեդականների վերնախավը, ասաց Սերգեյ Միխեևը:
Նա հավելեց, որ Իսրայելը այսօր զուրկ է այս խնդրին ռազմական լուծում տալու հնարավորություններից:
Ղազախստանի Պաշտպանության ազգային համալսարանի ռազմավարության ամբիոնի վարիչ Գեորգի Դուբովցևը նկատեց, որ վերջին ժամանակներս զգալիորեն նվազել է Վաշինգտոնի հակաիրանական ռազմական հռետորաբանությունը, ինչը հույս է ներշնչում, որ Միացյալ Նահանգները վերանայել են Իրանի դեմ լայնածավալ հարձակման անխուսափելիության ծրագրերը:
Փորձագետը նշեց, որ բանակցությունների նախորդ փուլը տեղի է ունեցել Մոսկվայում անցյալ տարվա հունիսի 18-19-ին, և երկարատև դադարից հետո Իրանը և «վեցյակը» միջև բանակցությունների վերսկսումը կարելի է դրական գնահատել:
Ցանկացած բանակցության անցկացում նշանակում է, որ պատերազմ չի լինի և կողմերը այժմ կփորձեն շոշափել փոխադարձ տրամադրությունները, իր հերթին նշեց Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ, դոցենտ Վարդան Ոսկանյանը։
Ըստ հայ գիտնականի՝ Իրանի միջուկային ծրագիրը Արևմուտքի համար միայն առիթ է Թեհրանի վրա ճնշում գործադրելու և իրանական ներկա իշխանությունների կապիտուլյացիային հասնելու համար:
Բանակցությունների էական առաջընթացը կախված է Իրանի հաջորդ նախագահից, հայտարարեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի «Քաղաքական հետազոտությունների կենտրոնի» ղեկավար Սևակ Սարուխանյանը:
Ինչևէ, ըստ փորձագետի, բանակցային առաջընթացը կապված է առաջին հերթին ԱՄՆ և Իրանի միջև հարաբերությունների կարգավորումից:
Իրանի դեմ հնարավոր պատերազմի դեպքում Ադրբեջանը չի կարող օգտվել իրավիճակից ու հարձակվել Հայաստանի վրա: Նրա խոսքով` այդ դեպքում Ադրբեջանի կորուստը շատ ավելին կլնինի, քանի որ Իրանի թուրքալեզու հարյուր հազարավոր փախստականները կթափանցեն հենց Ադրբեջան: