ԿարևորՔաղաքական

ՀՀՇ- ն գումարեց իր վերջին համագումարը

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Այսօր կայացավ «Հայոց համազգային շարժում» կուսակցության 18- րդ արտահերթ համագումարը, որում որոշվեց անվանափոխել այս քաղաքական ուժը՝ վերանվանելով այն «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն: Այսպիսով՝  ՀՀՇ-ն միացավ ՀԱԿ կուսակցության ստեղծման նախաձեռնությանը:
Փաստորեն այս համագումարը ՀՀՇ-ի համար դարձավ վերջինը։ Ինչպես նշեց կուսակցության վարչության նախագահ Արամ Մանուկյանը, համագումարին նախորդել է կուսակցության  տարածքային 40կազմակերպություններում կայացած քննարկումները ՀԱԿ դաշինքի ՀԱԿ կուսակցության վերափոխման շուրջ։
Ըստ Մանուկյանի՝ ՀԱԿ կուսակցությունը կհանդիսանա ՀՀՇ իրավահաջորդը, ինչը մի կողմից թույլ կտա պահպանել արդեն եղած կարգավիճակը, մյուս կողմից՝ կարագացնի ՀԱԿ կուսակցության իրավական կայացման գործընթացը:
Ելույթ ունենալով համագումաում՝ Լևոն Տեր-Պետրոսյանը հավելեց, որ նորաստեղծ կուսակցությունը կհանդիսանա նաև ՀԱԿ դաշինքի իրավահաջորդը:
«Այսօր ՀԱԿ դաշինք, որպես այդպիսին, այլևս գոյություն չունի, չկա։ Մեկ տարի առաջ էր սկսվել քայքայման պրոցեսը»,- իր ելույթում նշեց առաջին նախագահը:
Ավելի վաղ ՀԱԿ դաշինքը համակարգող Լևոն Զուրաբյանը հայտնել էր, որ ՀԱԿ- ի արդեն որպես կուսակցության հիմնադիր համագումարը տեղի կունենա մարտի 22-ին։
Ինչևիցե՝ ՀՀՇ-ի վերանվանման փորձ եղել է 1999 թվականին, երբ այն գլխավորում էր Վանո Սիրադեղյանը: Ըստ Տեր-Պետրոսյանի՝ 2000 թվականից, երբ Սիրադեղյանը դուրս եկավ կուսակցության նախագահությունից, «ՀՀՇ-ն դարձել էր լավագույն դեպքում մի գեղական «կլուբ», եթե չասենք աղանդ»:
Փաստորեն՝ առաջին նախագահը անվանափոխության մեջ տեսնում է և կուսակցության առողջացման ներուժ։
Նա վստահեցրեց ներկաներին, որ գալու է մի այնպիսի հզոր կորիզ, որը նոր ավյուն է բերելու, ինչը կնպաստի քաղաքական ուժի երիտասարդացմանը: Ինչպես նկատեց Լևոն Տեր-Պետրոսյանը, այսօր ամենակրտսեր հհշականը հիսուն տարեկան է, իսկ 95 տոկոսն ավելի տարեց է:
Ի դեպ՝ ինքը՝ Տեր-Պետրոսյանը, վերջերս նշեց իր 68-ամյակը:
Բացի անվանափոխումից ՀՀՇ արտահերթ համագումարը առանձին հայտարարությամբ անդրադարձավ և փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններին՝ չընդունելով դրանց պաշտոնական արդյունքները, ինչպես նաև միջազգային դիտորտական առաքելությունների մակերեսային գնատահականները:
Հետընտրական զարգացումներին համագումարի ընդմիջմանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ և Լևոն Տեր-Պետրոսյանը: Նա ,մասնավորապես չհամաձայնեց այն կարծիքին, որ սկսված շարժումը նախաձեռնել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Առայժմ ժողովուրդը եկել է հրապարակ և անօրինականությունների դեմ բողոքում է: Բայց այդ բողոքավորները, բողոքատերերը դեռևս գործ չեն արել: Այսինքն՝ ժողովուրդը գործ արել է, պահանջատերը կամ իրավատերը դեռևս միայն խոսում է: Երբ գործ կանի՝ այն ժամանակ կգնահատվի, և եթե համարենք, որ պետք է միանանք, կմիանանք»,- ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը:

Իսկ ահա Սպիտակում Րաֆֆի Հովհաննիսյանը այս հայտարարությանն ի պատասխան նշեց, որ համաձայն է Տեր- Պետրոսյանի գնահատականին։ «Ինքը ճիշտ է, իսկ խոսքի և գործի տարբերությունն ինքը թող մտածի, ես իմ գործի տերն եմ»,-ասաց «Ժառանգության» հիմնադիրը։

Back to top button