

«Նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ Սերժ Սարգսյանին հղված շնորհավորական ուղերձն արվել է թուրքական դիվանագիտության ավանդույթներին համապատասխան»։ Այս մասին ասված է Թուրքիայի արտգործնախարարության նամակում՝ ի պատասխան ադրբեջանական ԱՊԱ գործակալության թուրքական բյուրոյի հարցադրման։
Գերատեսչությունից նշել են, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, այլ երկրներում ընտրությունների արդյունքները հայտարարելուց հետո ուղարկվում են շնորհավորական ուղերձներ։
Թուրքիայի Արտաքին գործերի նախարարութւյան հայտարարության մեջ նշվում է նաև, որ Թուրքիան ճանաչել է Հայաստանի անկախությունը 1991 թվականի դեկտեմբերի 16-ին։
«Քաղաքակրթության միջազգային նորմերի շրջանակներում փոխադարձ ձևով կարող են ուղարկվել շնորհավորական ուղերձներ», — հայտնել են գերատեսչությունից:
Հիշեցնենք՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը շնորհավորական ուղերձ էր հղել Սերժ Սարգսյանին՝ Հայաստանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Բաքուն Թուրքիայից բացատրություններ էր պահանջել այս հարցով։