ԿարևորՀասարակություն

Որոշ մասնագիտությունների գծով անվճար տեղեր չսահմանելը համապատասխանում է Սահմանադրությանը

Սահմանադրական դատարանն այսօր, քննության առնելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա գործը, որոշեց, որ ՀՀ կառավարության 2012 թ.-ի ապրիլի 26-ի թիվ 554-Ն որոշումը համապատասխանում է Սահմանադրությանը` հաշվի առնելով ՍԴ-ի որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները: ՍԴ-ի որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, հայտնում է «Փաստինֆոն»:

ՄԻՊ գնահատմամբ՝ «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2012/2013 ուսումնական տարվա` ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի) առկա ուսուցմամբ բակալավրիատի կրթական ծրագրով տեղերը հաստատելու մասին» կառավարության վերոհիշյալ որոշումը, որով որոշ մասնագիտությունների գծով անվճար առկա ուսուցմամբ բակալավրիատի կրթական ծրագրով տեղեր նախատեսված չեն, հակասում է ՀՀ Սահմանադրությանը, համաձայն որի յուրաքանչյուր քաղաքացի ունի մրցութային հիմունքներով անվճար պետական բարձրագույն և այլ մասնագիտական կրթական հաստատություններում կրթություն ստանալու իրավունք՝ օրենքով սահմանված կարգով:

ՍԴ-ի որոշման եզրափակիչ մասն ընթերցելուց հետո դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը նշեց, որ «Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի պարագայում այսպիսի որոշման եզրափակիչ մասը, կարծես, ավանդույթ է դառնում»:

«Ցանկանում եմ իրավական դիրքորոշումներից հատուկ կարևորել հետևյալ հանգամանքները. Սահմանադրական դատարանը նաև հանգել է այն եզրակացության կամ ներկայացրել է դիրքորոշում, որ պետության պարտավորութունը չի սահմանափակվում միայն անհրաժեշտ մասնագետների պատրաստման պետական պատվերով: Այն ներառում է նաև մասնագիտական ազատ կողմնորոշման շրջանակներում պետական աջակցությունը, ինչը, մասնավորապես, նախատեսված է նաև «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքով»,- մասնավորապես հայտնեց ՍԴ նախագահը:

Գ.Հարությունյանը, ընդգծելով դիմողի արդարացի մտահոգությունը ՀՀ կառավարության մի շարք գործող որոշումների կապակցությամբ, վստահություն հայտնեց, որ 2013թ.-ի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող ՀՀ կառավարության նոր «որոշման գործողությունը, ինչպես նաև ուսանողների ուսուցման վճարի վարկավորման ներդրվող նոր համակարգը, անհրաժեշտ նախադրյալներ կապահովեն, որպեսզի յուրաքանչյուր ուսանող` անկախ սոցիալական վիճակից, իր ցանկացած մասնագիտության գծով, անհրաժեշտ առաջադիմություն ապահովելու դեպքում, չի զրկվի մասնագիտական բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունից»:

Ցուցադրել ավելի
Back to top button