ԿարևորՔաղաքական

Կոալիցիային ինքնանպատակ անդամակցելը «Ժառանգության» համար ինքնասպանություն է

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

Երեկ հանդիպել են ՀՀ 3-րդ եւ 4-րդ նախագահները, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Ժառանգություն» կուսակցության  վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նա չի մանրամասնել,  թե ինչ հարցեր են քննարկվել Սերժ Սարգսյան- Րաֆֆի Հովհաննիսյան հանդիպման ժամանակ՝ նշելով միայն, որ  «Ժառանգության» առաջնորդը, ինչպես երեկ էր խոստացել, ինքն անձամբ   հանդիպման բովանդակությունը կներկայացնի այսօր Ազատության հրապարակում նախատեսված հանրահավաքի ժամանակ:
Արմեն Մարտիրոսյանը համոզված է, որ  Րաֆֆի Հովհաննիսյանը  սկսած գործընթացը հասցնելու է հաղթական ավարտի:  Նա  հույս ունի, որ  «երկու քաղաքական առաջնորդները այնպիսի քայլեր կիրականացնեն, որոնք հեռու կպահեն հասարակությունը տարանջատման պրոցեսից»:
Արմեն Մարտիրոսյանը չի հերքում  այն դիտարկումը, թե իշխանությունը հանձնելու կամ ստանալու վերաբերյալ  «Ժառանգության» և Րաֆֆի Հովհաննիսյանի պատկերացումները փոքր-ինչ իդեալիստական են:
« Հնարավոր է , որ այդպիսին են, բայց  կյանքը միշտ փոխել են իդեալիստները: Գուցե պրակտիկները հետագայում կարողացել են օգտվել այդ փոփոխություններից, բայց կյանքը, այնուամենայնիվ,  միշտ փոփոխել են իդեալիստները»:
Իսկ արդյո՞ք հնարավոր է փոխհամաձայնություն, օրինակ, կոլիցիային մաս կազմելու տարբերակով: Արմեն Մարտիրոսյանի դիտարկմամբ՝ կոալիցիային ինքնանպատակ անդամկցելը «Ժառանգության» համար քաղաքական ինքնասպանություն է, իսկ անդամակցելը իրական բարեփոխումների հասնելու համար և այժմյան վիճակում՝  անհնար:
Հետևաբար՝ լավագույնը , Մարտիրոսյանի կարծիքով, խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո ձևավորված նոր կոալիցիան է: Իսկ խորհրդարանական նոր ընտրություններ անցկացնելու համար, նրա կարծիքով, ոչ այնքան իրավական, որքան քաղաքական հիմքեր են անհրաժեշտ:
«Ասում են` իրավական մեխանիզմ չկա խորհրդարանական նոր ընտրություններ անցկացնելու: Բայց ոչ միայն իրավական մեխանիզմն է կարեւոր , այլեւ քաղաքական իրավիճակը: Ես համոզված եմ, որ նախագահի փոփոխության արդյունքում խորհրդարանը կինքնալուծարվի»:

Ցուցադրել ավելի
Back to top button