ԿարևորՔաղաքական

Մի քանի առաջ քա՞յլ, թե՞ կիսաժողովրդավարություն

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի եւ ԱԺ հանրապետական պատգամավոր Մկրտիչ Մինասյանի համատեղ մամուլի ասուլիսն այսօր լուրջ բանավեճի վերածվեց։ Մինչ Մինասյանը մատնանշում էր ընտրությունների մասին դրական գնահատականները եւ ստացված շնորհավորանքները, Հովհաննիսյանն առավելապես ընդգծում էր Րաֆֆի Հովհաննիսյանին սատարելու հիմքերն ու պատճառները։

Հայաստանյան նախագահական ընտրությունների ընթացքը եւ արդյունքները քննարկելիս պատգամավոր Մկրտիչ Մինասյանը շեշտեց, որ դա ոչ թե մեկ, այլ մի քանի քայլ էր առաջ։ Հմայակ Հովհաննիսյանն էլ ընդգծեց, թե ինչպես կիսահղի  չեն լինում, այնպես էլ կիսատ ժողովրդավարությունը դեռ ժողովրդավարություն չէ:
Հանրապետական պատգամավորը դժգոհների համար մատնանշեց Սահմանադրական դատարան դիմելը: Հմայակ Հովհաննիսյանն իր հերթին, սեփական բնորոշմամբ, հանրապետականների թեւի տակ ծվարածներին խորհուրդ տվեց խոստովանել իրենց սխալները:
Քաղաքագետների միության նախագահը կարծում է, թե Սերժ Սարգսյանի թիմակիցները սեւ PR են արել նրա իսկ դեմ: Բանախոսներն այդ պահից սկսած սկսեցին խոսել միաժամանակ` փորձելով միմյանց ընդհատել՝ այլեւս չլսելով իրար:
Այս համատեքստում Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը հայտարարեց.

«Գործող նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ավելի շատ մտածում է իր վարչապետ դառնալու, քան Սերժ Սարգսյանի վարկանիշը բարձրացնելու մասին, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանին դուք թերագնահատել էիք, մտածում էիք` չի հավաքի այնքան ձայն, ինչքան հավաքեց։ Դուք վատ PR էիք իրականացնում հատկապես քարոզարշավի կեսից հետո»,- ընդգծեց նա։

Այնուհետև Հմայակ Հովհաննիսյանը դիտարկում արեց, թե այս պարագայում ՀԱԿ-ն այնքան էլ իրավիճակը պղտորելու քայլեր չարեց, իսկ իշխանությունն այս անգամ չհաջողեց իր կողմը քաշել երրորդ տեղը գրաված թեկնածուին, ինչպես եղել է բոլոր ընտրություններին, և դրանով հանգստացնել իրավիճակը:
Ըստ նրա` ընտրություններից հետո միշտ էլ հանրահավաքներ եղել են, բայց այս անգամ իրավիճակը կտրուկ տարբերվում է մյուսներից:  Հմայակ Հովհաննիսյանը վստահ է, որ իշխանության համար այս անգամ դժվար է լինելու կայունացնել իրավիճակը:
Մկրտիչ Մինասյանն էլ ի պատասխան շեշտեց, թե որոշ ուժեր այսօր փորձում են ուրիշի ձեռքով կրակի միջից շագանակներ հանել: Բայց, նրա համոզմամբ, առողջ բանականությունը կհուշի, որ իրատես լինեն ավանտյուրայի չենթարկվեն:
Վերջում Հմայակո Հովհաննիսյանը սեղմեց Մկրտիչ Մինասյանի ձեռքը, շեշտեց, թե իրենց, այնուամենասյնիվ, բարեկամներ են: Մինասյանն էլ չհերքեց բարեկամ լինելը, միայն ընդգծեց, որ Հովհաննիսյանի հետ բանավեճի գնալը դժվար բան է, քանի որ նա չափից շատ է խոսում։

Ցուցադրել ավելի
Back to top button