ԿարևորՀասարակություն

Հայոց լեզուն այսօր ենթարկվում է ագրեսիվ հարձակման, ասում են հայագետները

Ալիսա Գեւորգյան

«Ռադիոլուր»

Երևանում այսօր մեկնարկել է ՀՀ Սփյուռքի նախախարարության և ՀՀ Հ.Աճառյանի անվան Լեզվի ինստիտուտի հետ համատեղ անցկացվող «Լեզվաքաղաքականության արդի խնդիրներ» խորագրով գիտաժողովը, որին մասնակցել են անվանի լեզվաբաններ, գրականագետներ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից:
1600 տարի հաղթահարելով իր ուղու բոլոր փորձությունները՝ հայոց լեզուն հասավ մինչև մեր օրերը, բայց ինչպես և հայ ժողովուրդը բաժան-բաժան եղավ:
Այս ճանապարհին արևելահայերենը գտավ իր տունն ու պետությունը, իսկ արևմտահայերենը պահպանվեց աշխարհով մեկ սփռված նվիրյալների շնորհիվ միայն:
Սակայն թե հայրենիքում, թե Սփյուռքում լեզվական խնդիրները բազմաթիվ են: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի պարզաբանմամաբ՝ «Մայրենիի օրվան» նվիրված միջոցառումների շրջանակում Երևանում մեկնարկած այսօրվա գիտաժողովի առանցքում հենց այդ խնդիրներն են:

«Արևելահայերենն ու արևմտահայերենը մեր լեզվի երկու անգնահատելի գանձերն են, որոնք պետք է համաչափ ծաղկեն և զարգանան»,-ասում է Գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյանը` անիմաստ համարելով հայրենի երկու ճյուղերը միմյանց հակադրելու փորձերը։

ՀՀ պետական պաշտոնական լեզվի կարգավիճակ ստացած հայոց լեզվի գերակայությունն ամրագրված է ինչպես լեզվի մասին, այնպես էլ հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքներում և Սահմանադրության մեջ: Հայոց լեզվի մաքրության և անաղարտության պահպանմանն են միտված նշված բոլոր օրենսդրական փաստաթղթերը։
Կարելի է ասել` օրենսդրորեն հայոց լեզուն երբեք այնքան պաշտպանված չի եղել, որքան այսօր: Այդուհանդերձ՝  ԿԳՆ Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանն այս ոլորտում դարձյալ բացթողումներ է տեսնում։
Խ Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի հայոց լեզվի ամբիոնի վարիչ Լալիկ Խաչատրյանի համոզմամբ՝ հայոց լեզուն այսօր ենթարկվում է ագրեսիվ հարձակման մասնավորապես հեռուստաեթերից, որը մատուցում է փողոցային ժարգոնային խոսք։
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի պատմության ամբիոնի վարիչ Ռուբեն Սաքապետոյանը եթերից հնչած յուրաքանչյուր լեզվական սխալ կբազմապատկեր երեք միլիոնով, քանի որ, ինչպես ասում է, յուրաքանչյուր ունկնդիր սխալը կրկնում ու մեկնաբանում է յուրովի։ Այսպես էլ վարակի նման բազմանում ու տարածվում են լեզվական սխալները:
Փողոցը բերել են եթեր ու փորձում են անհեթեթ հիմնավորումներ բերել՝ իբր ներկայացնում են իրականությունն ինչպես կա։ Իրականությունն էր մատուցում նաև Հրանտ Մաթևոսյանը, բայց առանց գռեհկաբանությունների, արվեստում իրականության մատուցման բազմաթիվ ձևեր կան, կարելի է սովորել և օգտվել դրանցից, ասում է Ռուբեն Սաքապետոյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button