Քաղաքական

Աշխարհին ներկայանալ ընկալելի միջոցներով. Սփյուռքում ուծացման դեմ պայքարի միջոցը

Լիլիթ Սեդրակյան

«Ռադիոլուր»- Լոս Անջելես

Սփյուռքի երիտասարդնությունը ձուլման վտանգի առաջ է. ԱՄՆ կատարած այցի մասին խոսելով` արձանագրել է պատմաբան, ԵՊՀ պրոֆեսոր Արտակ Մովսիսյանը: Նա ԱՄՆ արևելյան և արևմտյան ափերում հանդիպել է հայ համայնքի հետ, նրանց ներկայացել հայ գրերի և հայոց պետականության մասին դասախոսություններով: Արտակ Մովսիսյանն ահազանգում է, որ հայ երիտասարդների օտարացումն արմատներից լուրջ վտանգ է, և որ Հայաստանի և Սփյուռքի ակադեմիական շրջանակները պետք է համատեղեն ուժերը` ուծացումը կանխելու համար:

Արտակ Մովսիսյանի տպավորությամբ՝ ակներև է երիտասարդ սերնդի ձուլման վտանգը, ինչի դեմ պայքարի գործինքներից մեկն էլ մատչելի լեզվով ու գրավիչ ձևերով Սփյուռքի երիտասարդների հետաքրքրությունը հայկական թեմաների նկատմամբ արթնացնելն է, այնպես, որ օրինակ` դեռ փոքր տարիքից SpiderMan-ի փոխարեն երեխաները տարվեն Սասունցի Դավթի կամ հրաշամանուկի կերպարներով:
Հանրամատչելի օտարալեզու գրականության պակասը պարարտ հող է նաև կեղծարարների համար, նշում է Արտակ Մովսիսյանը:
Սեփական պատմությունն աշխարհին ոչ բավարար ներկայացնելու պատճառով առաջատար թանգարաններում` Բրիտանիայից մինչև Բոստոն, սխալ և աղճատված են մատուցվում Հայաստանի և հայերի հետ կապված պատմական նյութերը: Պատմաբանը ցավով օրինակներ է բերում, որ օրինակ Նյու-Յորքի Մետրոպոլիտան թանգարանում Ուրարտուն ներկայացված է Արևելյան Թուրքիայում և Հյուսիս- արևմտյան Իրանում գտնվող երկիր, Կարմիր Բլուրի մասին տեղեկությունների մեջ նշված էլ չէ, որ այն Հայաստանում է, մեկ այլ թանգարանում Վանա լիճը նշված է Անդրկովկասում և այլն:
Օրինակները շատ են, շտկելու համար պետք է արագ, համակարգված աշխատանք, ասում է Արտակ Մովսիսյանը:

Պատմաբանի խոսքով՝ երբ ճշմարտությունը մեր կողմում է, նույնիսկ մեկ գրագետ, գիտահանրամատչելի գիրքը կամ ֆիլմը կարող են շտկել 15 տարվա կեղծիքը: Պետք է միայն համատեղել ուժերն ու Հայաստանի և Սփյուռքի գիտական կենտրոնների միասնական ջանքով աշխարհին ներկայանալ համընդհանուր ընկալելի՝ ժամանակակից միջոցներով։

Ցուցադրել ավելի
Back to top button