Հասարակություն

Ազատության հրապարակում գիշերն առանց միջադեպերի է անցել

Այսօր դարձյալ Ազատության հրապարակում հանրահավաք է հրավիրել Ժառանգություն կուսակցության հիմնադիր, նախագահական ընտրություններում 2-րդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանը:
Երեկ նույն վայրում անցկացրած հանրահավաքի ժամանակ Հովհաննիսյանը հայտարարել էր, որ սպասելու է Սերժ Սարգսյանին, ով պատրաստվում է նույն վայրում նշել իր հաղթանակը և կազմակերպելու է իշխանության փոխանցման արարողություն:

«Եթե Սերժ Սարգսյանն այսօր չգա Ազատության հրապարակ, որպեսզի ժողովրդին հանձնի իշխանությունը, ես կգնամ նրա մոտ»,- լրատվամիջոցներին ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը:  «Կգա, թե ոչ, չեմ կարող ասել, ուրախ կլինեմ, որ իրենք գան, բայց եթե չգան, ես կգնամ այնտեղ, որտեղ որ պետք է, եթե իրենք չեն ուզում ժողովրդի մոտ գալ և ունենալ հրապարակային խոսք, ժողովրդի հաղթանակի ընդունում և հանձնում»,- ասել է Հովհաննիսյանը:

Ի դեպ, գիշերը Ազատության հրապարակում աջակիցների հետ մնացած Հովհաննիսյանին այցելել է նախագահի նախկին թեկնածու Հրանտ Բագրատյանը, շուրջ կես ժամ տեւած զրույցի ընթացքում նրանք քննարկել Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակը: Նշենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մի քանի ժամով բացակայել է Ազատության հրապարակից, ինչպես ինքն է ասել, եղբորը ճանապարհելու համար: Գիշերն անցել է նորմալ, առանց որևէ միջադեպի:

Ցուցադրել ավելի
Back to top button