ԿարևորՔաղաքական

Րաֆֆի Հովհաննիսյանի երկու ճանապարհը` ըստ Վազգեն Մանուկյանի

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Փետրվարի 18-ի նախագահական ընտրություններին Րաֆֆի Հովհաննիսյանի ստացած ձայները ոչ միայն ապացուցում են , որ «Ժառանգության» առաջնորդը լավ քարոզարշավ էր կազմակերպել, այլ նաև փաստում են, որ իշխանություններից դժգոհությունն ավելի մեծ է, քան կարելի էր սպասել ՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԺՄ առաջնորդ, Հանրային խորհրդի նախահգահ Վազգեն Մանուկյանը: Նրա կարծիքով՝ այս ընտրությունները իդեալական չէին, բայց ավելի մաքուր էին, քան բոլոր նախորդ ընտրությունները: Վազգեն Մանուկյանը խոսել է նաև այն երկու ճանապարհների մասին, որոնցով, իր կարծիքով, կարող է գնալ Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Հնարավորություն համար մեկ. Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարում է, որ այո, եղել են ընտրախախտումներ, բայց ընդունում է այս արդյուքներն ու չի բողոքարկում: Սա կլինի նոր, օրիգինալ էջ մեր քաղաքական պատմության մեջ»:

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը գիտակցում է, որ այս ճանապարհով գնալը Րաֆֆի Հովհաննիսյանի համար հեշտ չի լինելու առնվազն երկու պատճառով:

«Նախ, քանի որ ինքը անկեղծորեն համոզված է, որ հաղթել է: Այս վիճակում երկրորդ տեղը գրաված բոլոր թեկնածուներն են եղել: բացի այդ , եթե գնա այդ քայլին, բոլորը, այդ թվում լրագրողներդ, նրան կմեղադրեք ծախվածության ու դավաճանության մեջ»:

Երկրորդ ճանապարհն, ըստ Վազգեն Մանուկյանի, ավելի ծանոթ է. դրանով նախագահական ընտրություններից հետո գնացել են երկրորդ հորիզոնականը զբաղեցրած բոլոր գործիչները. « Այն է, ինչ միշտ արվել է: Կլինեն հանրահավաքներ, կամաց-կամաց այդ ներուժը կմաշվի, կգնա»:

Ընտրությունը, Մանուկյանի կարծիքով, միայն Րաֆֆի Հովհաննիսյանինն է: Թե որ ճանապարհն է ավելի շահեկան, հստակ պատասխան չունի, բայց որ հանրահավաքային ճանապարհից ժողովուրդը երբեք չի շահել, համոզված է:

Ցուցադրել ավելի
Back to top button