ԿարևորՔաղաքական

Սումգայիթի ողբերգության 25-րդ տարելիցի առիթով բողոքի ցույց`Լոս Անջելեսում

Լիլիթ Սեդրակյան
«Ռադիոլուր»
ԱՄՆ

Սումգայիթի ողբերգության 25-րդ տարելիցի առիթով բողոքի ցույց է տեղի ունեցել Լոս Անջելեսում: Հայ համայնքը ազերի կառավարությունից պահանջել է ընդունել մեղքը, իսկ ամերիկյան իշխանությանը կոչ արել դատապարտել մինչև այօսր խաղաղ բնակիչներին կոտորելու համար պատասխան չտված երկրի անցյալի ոճիրը. երկիր, որն այսօր էլ շարունակում է ատելության քարոզչությունն ու ռազմատենչ հոխորտանքը Հայաստանի ու հայերի նկատմամբ:

Չնայած օրն ու ժամն աշխատանքային էր, եղանակն էլ սառն ու քամոտ, լոսանջելեսահայերը չխախտեցին ավանդույթը և Սումգայիթի ողբերգության տարելիցի առիթով իրենց բոողոքի ձայնը լսելի դարձրին ոչ միայն պատուհաններից ծիկրակող ադրբեջանցիներին, այլև նույն շենքում աշխատող այլ երկների դիվանագետներին, անցորդներին ու Ուիլշեր պողոտայով երթևեկողներին: Վերջինները ցուցարարներին խրախուսում էին ավտոմեքենաների ձայնային ազդանշանով:

25 տարի առաջ, 88-ի փետրվարի 27-29-ը տեղի ունեցած`Սումգայիթի նախճիրով սկիզբ դրվեց Ադրբեջանը հայաթափելու և հայերին ֆիզիկապես ոչնչացնելու` ադրբեջանական կառավարության քաղաքականությանը, որը պատասխանն էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի դրսևորման առաջին քայլի: Հայկական ջարդերն այնուհետև շարունակվեցին Բաքվում, Կիրովաբադում, Մարաղայում, որտեղ ադրբեջանցիների կազմակերպած սպանդը չէր խնայում նույնիսկ կանանց ու երեխաներին: Ամերիկահայերն այսօր բարձրաձայնում են, որ քառորդ դար անց էլ չեն մոռանում կատարվածը, որի համար դեռ պատասխան չի տվել այսօր էլ հայի սպանողին հերոսացնող երկիրը: Լոս Անջելեսի բոլոր հայկական հեռուստաալիքները նույն օրը, նույն ժամին ցուցադրեցին հայերի ջարդերի մասին պատմող`«Սովորական ցեղասպանություն» ֆիլմը, որը դիտելուց հետո ամերկահայերը բողոքի են դուրս եկել նորոգված ցասումով:

Ամերիկահայ ցուցարարները բարձրախոսով ընթերցեցին ազերի կառավարությանն ուղղված նամակը, որում շարադրել էին հայերի կոտորածները ճանաչելու, հայատյաց մարդասպաններ ծնող ատելության քարոզն ու ռազմատենչ հռետորաբանությունը դադրեցնելու և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչելու մասին պահանջները: Նամակը փորձեցին անվտանգության աշխատակցի միջոցով հանձնել ադրբեջանցի դիվանագետներին: Վերջինները հոգացել էին, որ իրենց ոչինչ չփոխանցվի: Ցուցարարներն այն կուղարկեն էլեկտրոնային փոստով:

Ցուցադրել ավելի
Back to top button