ԿարևորՀասարակություն

Սերժ Սարգսյանն ընդունել է Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպման առաջարկը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Արմեն Արզումայնանն արձագանքել է նախօրեին Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությանը, ով Սերժ Սարգսյանին հրապարակային կամ մասնավոր հանդիպում ունենալու առաջարկ էր արել: Panorama.am-ի հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունները, եւ արդյոք ՀՀ նախագահը կընդունի՞ հանդիպելու նրա առաջարկը, Արզումանյանն արձագանքել է. «Միջազգային բոլոր դիտորդական առաքելություններն արձանագրեցին, որ 2013 թվականի նախագահական ընտրությունները լավագույնն էին Հայաստանի Հանրապետության 21-ամյա պատմության մեջ. սա կատարված ահռելի աշխատանքի գնահատականն է, որը չի կարող չոգեւորել: Այս ֆոնին պարոն Հովհաննիսյանի հայտարարություններն առնվազն տարակուսանք են հարուցում:

Ինչ վերաբերում է հանդիպման առաջարկին: Հանրապետության նախագահը միշտ էլ պատրաստակամ է եղել հանդիպելու բոլոր քաղաքական ուժերի եւ նրանց առաջնորդների հետ յուրաքանչյուր անհրաժեշտության դեպքում: Այստեղ բացառություն լինել չի կարող, հատկապես երբ խոսքը ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած քաղաքական գործչին է վերաբերում: Այժմ էլ նախագահը պատրաստակամ է ընդունելու պարոն Հովհաննիսյանին իրեն հարմար ցանկացած ժամի, առավել եւս, որ կարիք կա պարզություն մտցնելու հանդիպման նպատակի մասին պարոն Հովհաննիսյանի հնչեցրած բավականին անհասկանալի ձեւակերպումների մեջ»:

Նշենք, որ Ազատության հրապարակում բաց երկնքի տակ մամուլի ասուլիսում Հայաստանի նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը փաստացի վերջնագիր է ներկայացրել գործող իշխանություններին: Նա առաջարկել է մինչեւ այսօր ժամը 17-ը, երբ Ազատության հրապարակում մեկնարկելու է հանրահավաքը, ցանկացած ձեւաչափով հանդիպել գործող նախագահ Սերժ Սարգսյանի հետ եւ քննարկել իշխանության հանձնման հարցը, քանի որ «ժողովուրդը փետրվարի 18-ին տոնել է իր հաղթանակը 80-ը 20-ի հարաբերակցությամբ»:

Back to top button