

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
2013 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որի համաձայն, տնտեսվարող սուբյեկտները պարտավոր են յուրաքանչյուր ամսվա համար այդ ամսվան հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմիններ ներկայացնել սահմանված ձևի եկամտային հարկի ամփոփ հաշվարկ: Ըստ էության այսօր դրանք ներկայացնելու վերջին օրն է:
Քանի որ նոր հաշվետվության տեսակի ավելացմամբ կտրուկ աճել է էլեկտրոնային հաշվետվություններ ներկայացնող հարկատուների թվաքանակը, ինչի արդյունքում ի հայտ են եկել ՀՀ ԿԱ ոստիկանության ՀՀ բնակչության պետական ռեգիստրի համակարգի և ՀՀ ՊԵԿ հարկային հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնայն համակարգի միջև անխափան աշխատանքի հետ կապված տեխնիկական խնդիրներ, ուստի համակարգի տեխնիկական խնդիրների պատճառով հարկային մարմիններ ուշացումով ներկայացրած հարկատուների նկատմամբ չեն կիրառվի վարչական պատասխանատվության միջոցներ:
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանն այսօր հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ. «Տեխնիկական խնդիրները կվերացվեն և մենք վարչական տուգանքներ չենք կիրառի մինչև համակարգի կատարելագործված աշխատելը: Չեմ կարող ասել, թե երբ կկարգավորվի, քանի որ դա կախված չէ մեզանից»: