ԼՂՀ ՊԲ.Հակառակորդի կրակից զինծառայող է զոհվել


Փետրվարի 19-ին, հակամարտ զորքերի շփման գծի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում, հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող Գոռ Արթուրի Ղազարյանը (ծնված 1992 թվականին): ԼՂՀ Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից հայտնում են, թե միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:
ԼՂՀ ՊԲ-ն կիսում է ծանր կորուստն ու վիշտը ու իր ցավակցությունը հայտնում զոհվածի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին: Նշենք, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանի փետրվարի 19-ին ստորագրած հրամանագրովԼեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող, շարքային Գոռ Ղազարյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Մեր տեղեկություններով` Գոռ Ղազարյանը զորակոչվել էր Տավուշի մարզից: