Քաղաքական

Ընտրությունների արդյունքների վերանայման համար հիմքեր չկան, ասում է Ահարոն Ադիբեկյանը

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Հայաստանյան ընտրազանգվածը քաղաքականապես բավականին կողմնորոշված է, ինչի մասին վկայեցին  փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունները: Դեռևս փետրվարի 8-10 «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի իրականացված  հասարակական կարծիքի ուսումնասիրման արդյունքները պարզել են, որ ընդհանուր առմամբ ընտրողների 64,5 տոկոսը իշխանամետ է, 35,5 տոկոսը` ընդդիմադիր:
Ըստ կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանի՝ հարցման արդյունքները չնչին շեղումներով արտացոլվեցին և պաշտոնական արդյունքներում:
«Ըստ հարցման արդյունքների՝ ընտրողների ակտիվությունը պետք կազմեր 60,5 տոկոս, Սերժ Սարգսյանը կստանար 58,5 %, Րաֆֆի Հովհաննիսյանը`37,2 %, Հրանտ Բագրատյանը` 2,3% և Պարույր Հայրիկյանը 2%»։

Ըստ ԿԸՀ հրապարակած տվյալների՝ Սերժ Սարգսյանն ստացել է քվեների 58.64 տոկոսը, Րաֆֆի Հովհաննիսյանը՝ 36.75, Հրանտ Բագրատյանը՝ 2.15, Պարույր Հայրիկյանը՝ 1.23, իսկ ընտրողների ակտիվությունը կազմեց 60,18 %։

Ընտրությունների պաշտոնական արդյունքները անսպասելի չէին և Կովկասի ինստիտոտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի համար:

Քաղաքագետն ակնկալում էր  հաղթանակ առաջին փուլում`մինչև 60 տոկոս ցուցանիշով հօգուտ Սերժ Սարգսյանի: Իսկանդարյանը խոստովանեց, որ թերագնահատել է Րաֆֆի Հովհաննիսյանի հնարավորությունները` կանխատեսելով 30 տոկոս, իսկ իրականում թեկնածուն ստացավ ավելի շատ ձայն:

Մնացած թեկնածուները քաղաքագետի համար հետաքրքրություն չէին ներկայացնում: Ըստ նրա՝ Հայաստանը հղի է գործուն ընդդիմությամբ, որը այսօր բացակայում է  քաղաքական դաշտում: Ալեքսանդր Իսկանդարյանը նկատեց, որ 1995 թվականից ի վեր բոլոր համապետական ընտրություններին հետևել են բողոքներ և այս անգամն էլ ևս բացառություն չէր:
Ինչևէ՝ Րաֆֆի Հովհաննիսյանի բողոքական պայքարը չի հանգեցնի ընտրությունների արդյունքների վերանայմանը և սկսված արշավը շուտով կմարի,  նկատեց փորձագետը: Ըստ նրա՝ «Ժառանգության» առաջնորդի ընտրազանգվածը հիմնականում տրամադրված էր  ոչ թե կողմ այս թեկնածուին, այլ դեմ իշխող համակարգին:

Ըստ քաղաքագետի՝ ընտրությունների արդյունքներից անբավարարվածությունը մեր երկրում դարձել է քաղաքական ավանդույթ և զարմանալի կլիներ, եթե բողոքներ չլինեին: Նրան զարմացրել է այն հանգամանքը, որ նախագահի մնացած թեկնածուները չեն հռչակել իրենց նախագահ:  

«Սոցիոմետր» տնօրենը համոզված է, որ ընտրությունների պաշտոնական  արդյունքների վերանայման համար բավական հիմքեր չկան:

Ցուցադրել ավելի
Back to top button