Քաղաքական

Արման Մելիքյանը հորդորում է չվհատվել

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը չի պատրաստվում մասնակցել Րաֆֆի Հովհաննիսյանի այսօրվա հանրահավաքին: Հովհաննիսյանին չսատարելը նա պայմանավորում է նրանով, որ վերջինս չհետեւեց ընտրություններին չմասնակցելու իր հորդորին, չհետեւեց քվեարկության չգնալու իր քայլին եւ «մասնակցելով` լեգիտիմացրեց ընտրությունների խայտառակ արդյունքները»:
Հետընտրական առաջին իր ասուլիսի ժամանակ այսօր Մելիքյանն իր անհամաձայնությունը հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած արդյունքներին` հավելելով, որ ինքը բավականին շատ ձայն ուներ, սակայն հետո ԿԸՀ-ն լրիվ ուրիշ, իր բնորոշմամբ, խայտառակ թվեր ներկայացրեց: Քաղաքական գործիչն այն համոզմանն է, որ իր հավաքած ձայները պակաս` 3520 ներկայացնողները ցանկացել են ստորացնել իրեն: Մելիքյանն այսօր նաեւ պնդեց, որ իր ձեռքի տակ ընտրակեղծիքների մասին փաստող նյութեր կան: 
Նա դատապարտում է նաեւ ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի` ընտրությունների գնալու քայլը: Մելիքյանը դա դիտարկում է որպես ծաղր թեկնածուների հասցեին:
Միաժամանակ Արման Մելիքյանը խոստանում է, որ հետընտրական շրջանում ինչպես ասում են` «ձեռքերը ծալած չի նստելու»: Հնարավոր է` Սահմանադրական դատարան դիմի, «սակայն ոչ այն պատճառով, որ ակնկալիք ունի, այլ ուղղակի դրանից հետո կարող է դիմել միջազգային ատյաններին»:
Իսկ մինչ հետագա հնարավոր քայլերը մանրամասները` Մելիքյանը նախ իր հորդորն է ուղղում քաղաքացիներին` չվհատվել:

Ցուցադրել ավելի
Back to top button