ԿարևորՄիջազգային

ԱՄՆ-ը կիսում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի տեսակետը

ԱՄՆ-ը կիսում է Հայաստանում անցկացված նախագահական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության տեսակետը: Այս մասին իր ամենօրյա ճեպազրույցի ժամանակ ասել է Պետքարտուղարության մամուլի խոսնակ Վիկտորիա Նուլանդը: Վերջինս արձանագրել է, որ նախագահական ընտրություններն անցել են խաղաղ, և գործող նախագահ Սերժ Սարգսյանը ձայների 58,64 տոկոսով հաղթել է ընտրություններում: «Մենք աջակցում ենք ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության նախնական եզրակացությանն այն մասին, որ ընտրություններն ընդհանուր առմամբ կազմակերպված էին լավ և բնութագրվում են հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքով` ներառյալ հավաքների և արտահայտման ազատությունը: Մենք գիտենք նաև, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը արձանագրել է, որ լրատվամիջոցներն իրականացրել են իրենց օրենսդրական առաքելությունը` ապահովելով հավասարակշռված լուսաբանում բոլոր մրցակիցների համար»,-ասել է Պետքարտուղարության խոսնակը: Որպես մտահոգություն` նա նշել է հանրային ծառայողների կողմից անկողմնակալության որոշակի բացակայությունը, ինչպես նաև վարչական ռեսուրսի անհարկի կիրառումը: Նուլանդը նշել է, որ ընտրությունները հիմնականում անցել են հանգիստ և կանոնավոր, սակայն տեղի ունեցած խախտումները լուրջ հետաքննության կարիք ունեն, ինչի մասին նշել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳԸ:

Ցուցադրել ավելի
Back to top button