ԿարևորՔաղաքական

ICES.ՀՀ նախագահական ընտրություններն անցել են դեմոկրատական մրցակցային պայքարում

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոն»-ը երեկ դիտորդական առաքելություն է իրականացրել 134 ընտրատեղամասերում: Արձանագրել են ե’ւ դրական, ե’ւ բացասական երևույթներ: Կենտրոնի ԱՄՆ ներկայացուցիչ Լիդիա Լոուսոնն արձանագրել է, որ որոշ տեղամասերում աշխատանքային ոչ այնքան հարմարավետ պայմաններ են եղել: Հանձնաժողովի անդամները դժգոհել են ցրտից:

«Որոշ տեղամասերում կուտակումներ էին լինում: Տեղամասերից մեկում բացվելուց անմիջապես հետո հոսանքն անջատվեց, հետո միացավ: Դա կրկնվեց երեք անգամ: Դա խոչընդոտում էր հանձնաժողովի անդամների աշխատանքը: Նրանք օգտագործում էին մոմեր և հեռախոսի լույսը: Դժգոհություններ կային կապված կնիքի հետ: Ասում էին, որ երկու ժամ հետո այն անհետանում է: Ստացանք ահազանգեր, որ ընտրողներին բերում են ընտրատեղամասեր, բայց մեր դիտորդներին չհաջողվեց պարզել` ինչ կապ կար ընտրողների ու ընտրողներին բերողների միջև»:

Կենտրոնի ամերիկյան ներկայացուցիչն այնուամենայնիվ ընդգծեց, որ իրենց դիտարկած բոլոր տեղամասերում ընտրական գործընթացն ընդհանուր առմամբ հանգիստ էր: Փորձագիտական կենտրոնի Չեխիայի ներկայացուցիչ Աննա Չուրդովան Հայաստանի ընտրական գործընթացներին հետևում է 2003 թվականից: «Տասը տարիների ընթացքում հայ ժողովուրդն անցել է ժողովրդավարության ու քաղաքացիական հասարակության կերտման դժվար, բայց լավ ճանապարհ»,-ասում է դիտորդն` ընդգծելով մասնավորապես օրենսդրական դաշտի բարելավումը: Չեխ դիտորդի վրա երեկ մեծ տպավորություն է գուրծել հատկապես տեսողության ծանր խնդիրներ ունեցող անձանց քվեարկության կազմակերպումը: Նրա խոսքով `անգամ եվրոպական ոչ բոլոր երկրներում են նման ուշադրություն դարձնում այդ խնդրին:

Ինչևէ, ամփոփելով 134 ընտրատեղամասերում իրականացված դիտորդական առաքելության արդյունքները` «Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոն»-ը հրապարակում է իր եզրակացությունը, որի համաձայն` ՀՀ Նախագահի 2013 թվականի փետրվարին կայացած ընտրություններն անցել են դեմոկրատական մրցակցային պայքարում և համապատասխանում են միջազգային ընրական օրենսգրքի սկզբունքներին ու պահանջներին:

Կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ցինկեր. «Առաքելությունը բավարարվածությամբ ընդգծում է, որ ընտրական գործընթացի ժամանակ տեղի չեն ունեցել անկարգություններ, որևէ մեկը չի ձեռնարկել գործողություններ ընտրական գործընթացը, ինչպես նաև արդյունքների ամփոփումը խաթարելու համար: Արձանագրված խախտումներն աննշան են ազդել ընտրական գործընթացի թափանցիկության վրա: Այսպիսով, մենք համարում ենք, որ նախագահական ընտրությունները կայացել են, դրանք լեգիտիմ են, ժողովրդավարական և իրականացվել են ՀՀ ընտրական օրենսգրքի տառին համապատասխան»:

Ալեքսանդր Ցինկերն ասաց, որ իրեն դուր է եկել թեկնածուների երեկվա այն հայտարարությունը, որ ընտրություններում հաղթել է ժողովուրդը: «Թեև նախագահը ստացել է ձայների կեսից ավելին, բայց ընդդիմադիր թեկնածուի հավաքած բարձր տոկոսները պետք է դեղին քարտ լինեն նախագահի համար, որից պետք է հետևություններ արվի, որ Հայաստանում անելիքներ կան»,-նշեց Ալեքսանդր Ցինկերը` այս դեպքում ոչ որպես առաքելության ղեկավար, այլ քաղաքագետ:

Ցուցադրել ավելի
Back to top button