ԿարևորՔաղաքական

Տեղական դիտորդական առաքելությունների գնահատականը նախագահական ընտրություններին

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Երեկ ողջ օրվա ընթացքում հանրապետության տարբեր մարզերի ընտրատեղամասերում դիտորդական առաքելություն են իրականացրել տեղական բազմաթիվ կազմակերպություններ: Նրանք աշխատել են ոչ միայն մայրաքաղաքի ընտրատեղամասերում, այլ նաև մարզերի բազմաթիվ ընտրատեղամասերում: Լոռու և Տավուշի 50 ընտրատեղամասերում փետրվարի 18-ին առավոտյան յոթից աշխատել են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչները: 16 շրջիկ դիտորդներ էլ դիտարկումներ են իրականացրել ընտրական տեղամասերից դուրս:

Նրանք արձանագրել են, առավոտյան 10-ից մինչև 15.00 ընտրողները բավականին ակտիվ են եղել, սա էլ կուտակումների պատճառ է դարձել,- ասում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը և հավելում, որ արձանագրել են քաղաքացիներին ուղղորդելու դեպքեր, լցոնումներ, քվերակության գաղտնիության խախտումներ, քվերակության սենյակում գտնվելու իրավունք չունեցող անձանց ներկայություն ընտրատեղամասերում: Նրանք նաև նկատել են, որ նախագահի թեկնածուների հիմնական մասը ընտրատեղամասերում վստահված անձինք չի ունեցել:

Արթուր Սաքունց.«Որոշ դեպքերում փորձ էր արվում մեր դիտորդների վրա ճնշումներ բանեցնել, ընդհուպ մինչև որ կարող էր հանձնաժողովի նախագահի տեղակալը հրահանգ տալ, թե բա գնա տեղդ նստի, դիտորդին, և իհարկե միջամտությունից հետո այդ ամեն ինչը կանխվում էր: Արձանագրենք, որ տեղամասային կամք չդրսևորեցին սեփական նախաձեռնությամբ կանխարգելելու խախտումները»:

Արարատի մարզի 14 ընտրատեղամասերում դիտորդական առաքելություն են իրականացրել «Իրավունքի Եվրոպա միավորում» կազմակերպության դիտորդները: Նրանք ևս նշված խախտումներն են արձանագրել՝ ավելացնելով նաև կնքիների անհետացման դեպքերն ու առանց վկայականների վստահված անձանց ներկայությունը: Տիգրան Եգորյանը դիտորդներից մեկն է, նա և ոչ միայն, երեկ ողջ օրն աշխատել են տեսախցիկներով ու ձայնագրման սարքերով: Դիտորդը վստահեցնում է, որ վաղ առավոտից ընտրատեղամասերում խոչընդոտել են իրենց աշխատանքներին, վստահված անձինք համագործակցել են հանձնաժողովների անդամների հետ:

«Հնարավորություն չէր ընձեռվում դիտորդներին ծանոթանալ ստորագրված ցուցակների հետ, գրեթե բոլոր մեր դիտարկած տեղամասերում չհրկիզվող պահարանում նույնիսկ չհայտվեցին, միանգամից փաթեթավորվեցին: Թիվ երկու ընտրատեղամասում մեր դիտորդը կողքի սենյակում բացահայտել է արդեն կնքված և ընտրություն կատարված քվերաթերթիկների երկու մեծ կապոց: Մենք հերթական անգամ բախվեցինք մի կազմակերպված բջիջային կեղծիքների մեխանիզմի»:

Գյումրու «Ասպարեզ» լրագրողական ակումբի անդամներն էլ փետրվարի 18-ին աշխատել են Շիրակի մարզի ընտրատեղամասերում: Ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը նկատում է, որ շատ հաճախ ընտրատեղամասերում հանձնաժողովների նախագահները խոչընդոտել են լրագրողների աշխատանքները: «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյան.«Մի շարք տեղամասերում հանձնաժողովների նախագահների ինքնագործունեությունն էր լրագրողներին ու վստահված անձանց հատուկ անկյուններ հատկացնելը, հրամայելը, որ նրանք այդտեղից պետք է դուրս չգային, իրենց կարճ խելքով: Իմ երևի տասնյոթ տարվա Գյումրիում լուսաբանման փորձը հուշում է, որ հանձնաժողովների նախագահները և անդամները համեմատաբար փորձառու են, ահակին գիտելքիներ ունեն, պրոֆեսիոնալ են, բայց նման ծանր դեպքեր պատահել են: Իհարկե ԿԸՀ նախագահին գրավոր բողոք ուղարկեցինք, քիչ-քիչ այդ հարցը սկսեց կարգավորվել, բայց նման ճնշումների փորձեր եղել են»:

Մայրաքաղաքի թիվ վեց ընտրատարածքում էլ դիտորդական առաքելություն են իրականացրել Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ներկայացուցիչները: Այստեղ էլ նկատել ու արձանագրել են վերը նշված խախտումները: Հավելենք, որ ներկայացված փաստերը դեռ նախնական են ու դրանք ամփոփվելուց հետո կրկին կներկայացվեն հանրությանը: Նշենք, նաև, որ տեղական դիտորդական առաքելություն իրականցրած բոլոր կազմակերպություններն իրենց դիտարկումները մանրամասնորեն ներկայացրել են իրենց ինտերնետային կայքէջերում:

Back to top button