ԿարևորՔաղաքական

Սերժ Սարգսյան. Հայաստանցիներն ընտրեցին դեպի ապահով Հայաստան ճանապարհը

«Այս ընտրությունները մեկ անգամ ևս ապացուցեցին, որ մեր ժողովուրդն ամենապատասխանատու պահերին կարողանում է համախմբվել և ճիշտ որոշումներ կայացնել: Այս ընտրությունները ճանապարհի ընտրություններ էին, և հայաստանցիներն ընտրեցին դեպի ապահով Հայաստան ճանապարհը: Եվ ես երջանիկ եմ ու հպարտ, որ այդ ճանապարհին լինելու եմ յուրաքանչյուր հայաստանցու կողքին»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը ՀՀԿ կենտրոնական ընտրական շտաբում հանդես գալով  իր ընտրողների, թիմի առաջ։

Նա շնորհակալությունը է հայտնել իր թիմին։ «Շնորհակալ եմ իմ թիմին՝ մեր թիմին: Հպարտ եմ այդ թիմով: Այսպիսի թիմի համար անլուծելի խնդիրներ գոյություն չունեն: Ես շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր կարողացան գիտակցել պահի կարևորությունը և համատեղ ջանքերով անցկացնել լավ ընտրություններ»,- ասել է նա։

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նաեւ իր մրցակիցներին՝  Րաֆֆի Հովհաննիսյանին, Հրանտ Բագրատյանին, Պարույր Հայրիկյանին, «ովքեր կարողացան Հայաստանի քաղաքական կյանքում փոփոխություններ մտցնել, և ինձ համար, անկեղծորեն եմ ասում, պատիվ էր նրանց հետ մրցել»։

ՀՀ նախագահը նաեւ շնորհակալություն է հայտնել զրագրողներին, իրավապապահներին, ոստիկաններին, անվտանգության աշխատողներին, ովքեր կարողացան ապահովել բոլոր թեկնածուների ազատ արտահայտվելու և՛ իրավունքը, և՛ հնարավորությունները:

«Ես կարծում եմ, որ մենք միասին, համատեղ ուժերով կարողացանք ապացուցել բոլորին, այդ թվում՝ նաև մեզ, որ մենք ի վիճակի ենք սեփական ջանքերով լուրջ փոփոխություններ իրականացնել մեր երկրում, և դա մեծ հույս է ներշնչում, որ տեսանելի ապագայում այդ փոփոխությունները տալու են իրենց արդյունքները: Մենք վաղվանից շարունակելու ենք մեր աշխատանքը, որովհետև ընտրություններով ոչինչ չի ավարտվում, ընդհակառակը՝ սկսվում է տքնաջան աշխատանքը, և մենք բոլորս մեր թիմով պատրաստ ենք կատարելու այդ աշխատանքը: Ես հպարտ եմ և հույս ունեմ, որ բոլոր նրանք, ովքեր չեն քվեարկել իմ օգտին, ըմբռնումով կմոտենան մեծամասնության որոշմանը, և մենք կայուն միջավայրում կսկսենք համատեղ զարգացնել Հայաստանը՝ մեր բոլորի աչքի լույսը, մեր հայրենիքը, մեր պարծանքը: Եվ փառք մեր ժողովրդին»,- ասել է նա։

Ցուցադրել ավելի
Back to top button