Հասարակություն

ՄԻՊ գրասենյակի գնահատականը` նախագահական ընտրությունների վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրապարակել է նախագահական ընտրությունների վերաբերյալ ՄԻՊ գրասենյակի նախնական գնահատականը, որում ասվում է, որ ընտրությունների արդյունքների նկատմամբ հանրության վստահության ողջ ծանրությունն ընկած է Ոստիկանության, իսկ Ոստիկանության ոչ արժանահավատ աշխատանքը կարող է ստվերել այս ընտրությունների բոլոր փուլերի դրական ձեռքբերումները։ ՄԻՊ տարածած հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

Յուրաքանչյուր ընտրություններից հետո էլ լինում են որոշակի արդյունքներ և բազմատեսակ գնահատականներ: Ընտրությունների արդյունքներից առավել կարևոր է հանրության վստահությունը այդ արդյունքների նկատմամբ: Հանրության վստահությունը կարող է ձևավորվել միայն չեզոք և օբյեկտիվ գնահատականներով: Այսօրվանից շատ տեղական և միջազգային կազմակերպություններ կներկայացնեն իրենց գնահատականները այս ընտրությունների վերաբերյալ:
Այդուհանդերձ, որևէ գնահատական չի կարող լինել հայ հանրության համար լիարժեք և վստահելի, եթե Հայաստանի Ոստիկանությունը օբյեկտիվորեն չներկայացնի, թե hետևյալ լրջագույն ընտրախախտումների վերաբերյալ քանի ահազանգ է եղել և դրանցից քանիսն են եղել հիմնավոր՝
ընտրակաշառքի բաժանում,
կրկնակի քվեարկություն,
ուղղորդված քվեարկություն,
քվեաթերթիկի լցոնում,
հանձնաժողովի անդամի կամ վստահված անձի ճնշում ձայների հաշվարկի ընթացքում,
ձայների հաշվարկի արդյունքների կեղծում

Ընդ որում, Ոստիկանությունը պետք է հրապարակի նաև այդ ահազանգերը հիմնավոր կամ անհիմն գնահատելու հիմքերն ու պատճառները:
Չափազանց կարևոր է նաև հրատապ պարզել և հանրությանը ներկայացնել, թե ինչու էր քվեարկության օրը խափանվել «Գալա» հեռուստաընկերության կայքի աշխատանքը: Անհրաժեշտ է նաև հրատապ բացահայտել լրագրողների ու դիտորդների գործունեության խոչընդոտման բոլոր դեպքերը և պատասխանատվության ենթարկել մեղավորներին:
Ոստիկանության ոչ արժանահավատ աշխատանքը կարող է ստվերել այս ընտրությունների բոլոր փուլերի դրական ձեռքբերումները: Այսպիսով, ընտրությունների արդյունքների նկատմամբ հանրության վստահության և ընտրությունների ընդհանուր գնահատականի համար պատասխանատվության ողջ ծանրությունն ընկած է Հայաստանի Ոստիկանության վրա: Կոչ եմ անում բոլոր կառույցներին և անհատներին սերտորեն համագործակցել Ոստիկանության հետ, որպեսզի հնարավորինս արագ և արդյունավետ բացահայտվեն բոլոր ընտրական հանցագործությունները, և հանրությունը ստանա ընտրախախտումների իրական ծավալները և պատկերը:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը վերոհիշյալ էական և այլ ընտրախախտումների վերաբերյալ ստացել է 253 ահազանգ: Մինչև առաջիկայում ընտրությունների վերաբերյալ մեր համապարփակ գնահատականը ներկայացնելը մենք կշարունակենք ընդունել ընտրության փուլերում կատարված խախտումների վերաբերյալ ահազանգեր, հետևել զանգվածային լրատվության միջոցների համապատասխան հրապարակումներին, դիտորդական կազմակերպությունների գնահատականներին և հետընտրական զարգացումներին»:

Ցուցադրել ավելի
Back to top button