Միջազգային

Հայաստանյան ընտրությունների ելքը կանխատեսելի էր, գրում է միջազգային մամուլը

Միջազգային մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են Հայաստանում նախօրեին կայացած նախագահական ընտրություններին: Մասնավորպես՝ ԻՏԱՌ- ՏԱՍՍ- ը նշելով, որ գործող նախագահ Սերժ Սարգսյանը կպահպանի իր լիազորությունները երկրորդ հնգամյա ժամկետում, գրում է, որ ընտրությունների արդյունքներն արդարացրել են տեղական սոցիոլոգների կանխատեսումները, որոնց հարցումների համաձայն՝ առաջին փուլում համոզիչ հաղթանակը գործող նախագահինն է։

ԻՏԱՌ- ՏԱՍՍ- ը նաեւ գրում է, որ ընտրությունների ելքը որոշակի առումով կանխատեսելի էր, քանի որ խորհրդարանական երեք ընդդիմադիր կուսակցություն չէր առաջադրել իր թեկնածուներին:

«Հայաստանյան ընտրությունների գլխավոր թեման հենց ընտրություններն էին»,- գրում է Բի ԲԻ ՍԻ- ն՝ նկատելով, որ Հայաստանն այդ առումով միակ հետխորհրդային երկիրը չէ, որտեղ քարոզարշավների ընթացքում քննարկումները ծավալվում են հաճախ մրցակիցների անձերի և նրանց հաղթելու հնարավորությունների շուրջ, իսկ քաղաքականությանն ու տնտեսությանը վերաբերող հիմնական հարցերում թեկնածուների դիրքորոշումները, որպես կանոն, քիչ տարբերություններ ունեն:
Ըստ լրատվամիջոցի՝ թեկնածուներն արտաքին քաղաքական ոլորտում որոշ տարաձայնություն ունեն միայն Լեռնային Ղարաբաղի հարցում: Գոյություն ունի պաշտոնական դիրքորոշում, որի համաձայն՝ նախընտրելի է, որ որևէ այլ պետություն առաջինը ճանաչի Ղարաբաղի անկախությունը:
Մինչդեռ թեկնածուներից Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, որ իր ընտրվելու դեպքում անմիջապես կճանաչի ԼՂՀ անկախությունը:
Նշվում է նաև, որ քարոզարշավում անդրադարձներ են եղել այնպիսի հարցերին, ինչպիսին կոռուպցիան է, ստվերային տնտեսությունը, դատական համակարգի անկախությունը։
Հայաստանյան նախագահական ընտրություններին հետևել ու հրապարակված արդյունքների մասին տեղեկացրել են նաև «Բլումբերգ», «ՌԻԱ- Նովոստի», «Ռոյթերս» գործակալությունները, «Վեստի. ռու», «Էռ Բե Կա և այլ լրատվական կայքեր։

Ցուցադրել ավելի
Back to top button