ԿարևորՀասարակություն

ԿԸՀ-ն ամփոփեց նախնական արդյունքները

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստ է հրավիրել և արձանագրությամբ վավերացրել   փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների նախնական արդյունքները:  Ըստ ամփոփոված տվյալների ՝  փետրվարի 18-ի ընտրություններին  մասնակցել է  1 մլն 521 հազար 931 մարդ կամ ընտրողների ընդհանուր թվի  60.18%-ը:

ՀՀԿ թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանի օգտին քվեարկել է  861 378  մարդ կամ ընտրողների 58.64%-ը:  Երկրորդ հորիզոնականում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն է: Նա ստացել է ձայների 36.75%-ը, Հովհաննիսյանի  օգտին քվեարկել է 539 674 ընտրող: Նրան հաջորդում են Հրանտ Բագրատյանը՝ 31 643 ձայն (2.15%), Պարույր Հայրիկյանը 18093 ձայն (1.23%), Անդրիաս Ղուկասյանը 8328 (0.57%), Վարդան Սեդրակյանը` 6203 (0.42%), Արման Մելիքյանը` 3516 (0.24%):

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը  ընտրությունների ընթացքը բնականոն է գնահատել: Նա  անդրադարձել է նաև հարցին, թե ընտրախախտումները, որոնք արձանագրել են լրատվամիջոցներն ու որոշ թեկնածուների  նախընտրական շտաբերը, որքանով են ազզդել ընտրությունների վրա:

«Եթե փորձենք նախնական ամփոփում ներկայացնել, ապա պետք է հիմնվենք փաստական հանգամանքների վրա: Քվերակության օրը և մինչև այս պահը Կենտրոնական ընտրական հանձնաժողով և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ որևէ գրավոր դիմում բողոք չի ներկայացվել: Փոխարենը երեկ տարբեր լրատվական կայքերում տարբեր տեղեկություններ էին հրապարակվում, մենք ուշի ուշով հետևել ենք բոլորնին: Որոշ դեպքերում դրանք իրականությանը չէին համապատասխանում, որոշ դեպքերում արագ քայլեր են ձեռնարկվել: Ընդհանուր առմամբ, կարծում եմ, ընտրությունները բնականոն հունով են ընթացել»:

Ցուցադրել ավելի
Back to top button