

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
2013 թվականի նախագահական ընտրություններում կիրառվել են բոլոր տեսակի կեղծիքի տեխնոլոգիաները, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել են «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչները: Չնայած այս ամենին` խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը շնորհավորել է քաղաքացիներին ընտրությունների օրվա կապակցությամբ` ասելով, որ այդ օրը սեփական արժանապատվությանը տեր կանգնելու օր էր:
Երեկ կայացած նախագահի ընտրությունների վերաբերյալ «Ժառանգություն» կուսակցությունն արձանագրել է մի շարք խախտումներ: Կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի ձևակերպմամբ` իրենց կողմից բազմիցս է զգուշացվել, որ մեծ ուշադրություն դարձվի կնիքի թանաքին, սակայն այդքանից հետո էլ օրենքը խախտվեց, քանի որ թաց անձեռոցիկով այն մաքրվում էր: Ըստ օրենքի` թանաքը պետք է պահպանվեր 12 ժամ, սակայն այն ցնդում էր ժամանակից շուտ, արդյունքում եղան կրկնակի քվեարկություններ, վրդովված նշում է Խուրշուդյանը: Վերջինիս խոսքով` ընտրացուցակներն անմատչելի էին, որը հնարավորություն չտվեց որոշակի վերլուծություններ անել, թե Հայաստանից բացակայող քաղաքացիներից ովքեր են«մասնակցել» ընտրություններին:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ քաղաքացիներին շնորհավորեց փետրվարի 18-ի կապակցությամբ և նշեց, որ այդ օրը սեփական արժանապատվությանը տեր կանգնելու, ընդվզումի, «ԵՍ»-ի կարևորությունը գիտակցելու օր էր: «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը երեկ շրջել է մարզերով և ականատես եղել, որ քաղաքացին տեղամաս է բերում իր երեխային ապագայի նկատմամբ պատասխանատվությունը: Շիրակի մարզում պաշտպանում էին ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանին, այլ արդարության համար:
«Բոլոր մարզերում հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը, մի պարզ պատճառով. կարողացել ենք պահել ազատ, արդար ընտրություններ»,- ասաց Ռուբեն Հակոբյանն ու հավելեց, որ դիտորդական առաքելությունն ուղղված էր ընտրությունները կեղծելուն:
Ընտրությունների վերաբերյալ «Ժառանգություն» կուսակցության գործիչները քաղաքական գնահատական կտան այսօր` Ազատության հրապարակում կայանալիք Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքի ժամանակ: Ընտրությունները «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը որակեց որպես Հովհաննիսյանի ընտրություն` ավելացնելով, որ ընտրություններում հաղթեց բարությունը, մարդուն սիրելու մշակույթը: Իսկ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ հավելեց, որ այս նախագահական ընտրություններում կիրառվեցին բոլոր տեսակի կեղծիքի տեխնոլոգիաները: