Հասարակություն

Գյումրիում պատգամավորների մասնակցությամբ միջադեպի քննությունը կվարի ՀՔԾ- ն

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»

ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ժամանակ քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ տեղեկատվություն ներկայացրեց ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների ընդունման, գրանցման եւ քննարկման նկատմամբ դատախազական հսկողություն իրականացնող աշխատանքային խմբի անդամ, Շենգավիթ վարչական շրջանի դատախազ Արթուր Դավթյանը:
Նրա փոխանցմամբ՝ հանցագործության հատկանիշներ պարունակող 72 հաղորդում է ստացվել, որից 30- ը՝ Երեւանում, իսկ 42-ը` մարզերի վերաբերյալ: Հաղորդումներից 50- ը ԶԼՄ- ների մշտադիտարկման արդյունքում է գրանցվել, 20 ահազանգ էլ` դատախազության թեժ գծին է եղել, որից 5-ն է միայն պարունակել հանցագործության հատկանիշ: 17 հաղորդում էլ ստացվել է քաղաքացիներից եւ կազմակերպություններից:
Արթուր Դավթյանը հայտնեց, որ երկու քրեական գործ է հարուցվել կրկնակի քվեարկության փորձի հատկանիշներով: Դրանցով ընթանում է նախաքննություն, իսկ մյուս հաղորդումներով նախապատրաստվում են նյութեր:
Հաղորդումներից 1-ը Գյումրիում է գրանցվել, որը դատախազի հրահանգով ուղղարկվել է ՀՔԾ, քանի որ տեղի ունեցած միջադեպի մասնակիցները եղել են պատգամավորներ:
Ըստ որոշ լրատվամիջոցների հրապարակումների` միջադեպը տեղի է ունեցել «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի եւ ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի միջեւ։
ԿԸՀ աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Նունե Հովհաննիսյանն էլ հայտնեց, որ քվեարկության ավարտից հետո իրավիճակային վերլուծության կենտրոնը շարունակում է հետեւել հաշվման գործընթացին: Նրա փոխանցմամբ` 3-րդ ընտրատարածքի տեղամասերից մեկում ժամը 20.00-ից հետո թույլ չեն տվել դիտորդին ներս մտնել, սակայն այս խնդիրը հարթվել է ԿԸՀ միջամտությամբ: Դիտորդին թույլատրվել է ներս մտնել ու կատարել իր դիտորդական առաքելությունը։
ԿԸՀ աշխատակազմի իրավաբանական վարչության պետի խոսքով`այս պահի դրությամբ գրավոր դիմում-բողոքներ ԿԸՀ չեն ներկայացվել։

 

Ցուցադրել ավելի
Back to top button