ԿարևորՔաղաքական

ԱՊՀ դիտորդական առաքելություն.Կասկած չկա, որ հայաստանյան նախագահական ընտրությունները լեգիտիմ էին

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Հայաստանյան նախագահական ընտրությունների նախապատրաստական եւ անցկացման գործընթացին հետեւող ԱՊՀ դիտորդական առաքելությունը եկել է այն եզրակացության, որ նախագահական ընտրությունները կայացել են ՀՀ Սահմանադրության և գործող օրենսդրության տառին համապատասխան: «Ընտրություններն ազատ էին, թափանցիկ և մրցակցային, համապատասխանել են միջազգային չափանիշներին»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն իրենց դիտարկումների ամփոփումն է ներկայացրել առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդևը:

Կասկած չկա, որ հայաստանյան նախագահական ընտրությունները լեգիտիմ էին, եւ գործող նախագահը վերահաստատեց իր լիազորությունները լեգիտիմ ճանապարհով. Գնահատականը ԱՊՀ դիտորդական առաքելությանն է, որն իր աշխատանքը Հայաստանում սկսել է հունվարի 24-ին: Դրանում ներկայացված են ԱՊՀ ութ երկրների 200-ից ավելի ներկայացուցիչներ: Ընտրության օրը դիտորդներն այցելել են հազարից ավելի ընտրատեղամասեր: Խախտումները, որոնք արձանագրել են դիտորդները, հիմնականում վերաբերում են այն փաստին, որ մի շարք ընտրողներ չեն կարողացել իրենց անունները գտնել ընտրացուցակներում: Սակայն, ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդևի համոզմամբ, այս և մի շարք այլ խախտումներ չէին կարող ազդել ընտրությունների վերջնական արդյունքների վրա:

ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդևի գնահատականը հետեւյալն է:
«Ընդհանուր առմամբ ընտրությունների նախապատրաստումն ու դրա ընթացքը բավարար ենք գնահատում: Դիտորդները եկել են այն եզրակացության, որ ՀՀ Ընտրական օրենսգիրքը լիովին ապահովեց քաղաքացիների կամքի ազատ արտահայտումը, ինչը մենք արձանագրել ենք: Բացի այս, ուրախալի փաստ է, որ չկար այն լարվածությունը, որն առկա էր նախորդ ընտրություններում, թեկնածուների միջև առկա էր կոռեկտության մթնոլորտ: Բոլոր թեկնածուներն ունեին հավասար հնարավորություններ` տեղեկացնելու իրենց ծրագրերի մասին, իսկ ՀՀ քաղաքացիները հնարավորություն են ստացել հավասարապես ծանոթանալ թեկնածուների ծրագրերին»:

Դիտորդներին ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման գործընթացում ամենաանհանգստացնող հարցը եղել է Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը: Լեբեդեւո փոխանցեց իրենց գոհունակությունը, որ ընտրական գործընթացը չխաթարվեց, ապա նաեւ ընթերցեց ԱՊՀ դիտորդական առաքելության հայտարարությունը: Դիտորդները չեն արձանագրել փաստեր, որոնք կասկածի տակ կառնեին ընտրությունների արդյունքները: Առաքելությունը եկել է այն եզրակացության, որ նախագահական ընտրությունները կայացել են ՀՀ Սահմանադրության և գործող օրենսդրության տառին համապատասխան: Ընտրություններն ազատ էին, թափանցիկ և մրցակցային, համապատասխանել են միջազգային չափանիշերին:

Ցուցադրել ավելի
Back to top button