Հասարակություն

13 հոգի ընտրական իրավունքը վերականգնել է դատական կարգով

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»

Ընտրությունների կազմակերպման եւ անցկացման ֆինանսավորման նախընտրական հիմնադրամներից կատարված ծախսերի մասին ներկայացրեց ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Սեւակ Հովհաննիսյանը:

Նախընտրական հիմնադրամ չի բացել միայն թեկնածուներից Արման Մելիքյանը:

Նախընտրական հիմնադրամների մասով հստակեցնելով Ընտրական օրենսգրքի պահանջները` Սեւակ Հովհաննիսյանը ներկայացրեց փետրվարի 9-ի դրությամբ ամփոփված արդյունքները: Նախընտրական հիմնադրմաներից կատարված ծախսերի վերջնական եւ ամբողջական պատկերը կամփոփվի եւ կներկայացվի փետրվարի 22-ին կայանալիք ԿԸՀ նիստում:

Մինչ այդ՝ Սեւակ Հովհաննիսյանի եզրահանգմամբ` նախընտրական հիմնադրամներից կատարված ծախսերը վկայում են, որ որպես արդյունավետ քարոզչության միջոց թեկնածուների համար եղել եւ մնում են զանգվածային լրատվամիջոցները:

Դատական կարգով ընտրական իրավունքի վերականգնման մասին վիճակագրական տվյալներն էլ ներկայացրեց ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ, դատարանների նախագահների խորհրդի քարտուղար Կարեն Փոլադյանը:

Նրա փոխանցմամբ` այսօր ժամը 20.00-ի դրությամբ ՀՀ ընդհանուր իրավասության դատարաններում ստացվել է 17 հայցադիմում: Ներկայացված հայցադիմումներից 1-ով վերադարձնելու որոշում է կայացվել, քանի որ, ըստ  Կարեն Փոլադյանի, դիմումատուն ոչ թե պահանջ է ներկայացրել, այլ` խորհրդատվություն ստանալու հարցում:
Դատարանների նախագահների խորհրդի քարտուղարը տեղեկացրեց նաեւ, որ 2 դիմում մերժվել է` համապատասխան փաստաթղթեր  չներկայացվելու պատճառով: Կարեն Փոլադյանի խոսքով` վարույթ ընդունված 14 դիմումներից մեկը մերժվել է անհիմն լինելու պատճառով, իսկ մնացած 13-ը բավարարվել են:

Այսպիսով՝ ընտրական իրավունքը վերականգնելու համար այսօր ՀՀ դատարաններ դիմած 17 քաղաքացիներից 13-ն են վերականգնել իրենց ընտրելու իրավունքը:

Ցուցադրել ավելի
Back to top button